Գուցե ինքս մեծ ողբերգություն չապրեի, եթե ուսանողի զայրույթը չլիներ. ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ(տեսանյութ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին համալսարանի ուսանողներից մեկն ուղարկել է լուսանկար, որտեղ համալսարանի դասախոսներից Գագիկ Շահնազարյանը քննության ժամանակ խաչապուրի է կերել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբեն Հայրապետյանը։
«Ուսանողը գրել է, որ նա զուրկ է էթիկայի տարրական կանոններից եւ ուղարկել է լուսանկար, թե ինչպես է դասախոսը խաչապուրի խժռում: Այդ մարդը, որը կեղծ տեղեկատվություն է ներկայացրել ու հասարակությանն ուղղակի գցել թյուրիմացության մեջ, բացատրագիր պետք է ներկայացներ, թե ինչու է այդպես արել , եւ ինչու են ուսանողները դժգոհ: Գուցե ինքս մեծ ողբերգություն չապրեի, եթե ուսանողի զայրույթը չլիներ, եւ նկար կցված չլիներ, որտեղ ինքը դասախոսին անհարիր կեցված է դրսեւորել: Բացատրագրում նշվում է, որ ընդմիջում էր անում, որոշել էր մեկ գավաթ սուրճ ըմպել»,-պատմեց ռեկտորի ԺՊ-ն։
Նա ասաց, որ լուսանկարն ուղարկող ուսանողին ինքը շնորհակալություն է հայտնել , որ «Ֆեյսբուքում» հրապարակելու փոխարեն ուղարկել է իրեն. «Քննության ընթացքում ուսանողը նստած է, տոմսն է երեւում։ Ես պատրաստ եմ ձեզ ցույց տալ, բայց ինքս ինձ վատ եմ զգում։ Ուսանողին շնորհակալություն եմ հայտնել, որ այնքան բարձր գիտակցություն է ունեցել, որ այդ նկարը ֆեյսբուքում հրապարակելու փոխարեն, ուղարկել է մեր ինֆո հասցեին, որպեսզի դասախոսը խայտառակ չլինի: Եվ այդ դասախոսը ներկայացնում է խայտառակ սուտ փաստեր իմ մասին»։