Հայաստանի տնտեսությունը վերջին 20 տարիներին ունեցել է կորզող համակարգ. ինչով է պայմանավորված տնտեսական աճը
Կառավարությունը հայտարարել է, որ 2019թ. առաջին կիսամյակին գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ՝ 25,1 տոկոս աճ: Վարչապետը նշել է, որ բյուջեի եկամուտների 25-30 տոկոս աճի մասին խոստումն իրականություն է դարձել: Բայց քննադատները պնդում են, որ իրականում առաջընթացի կամ հաջողության մասին խոսելը սխալ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանն ընդգծեց, որ երբ համեմատում ենք 2018թ. նույն ժամանակահատվածի հետ, տեսնում ենք, որ աճն իրական է. «Հարցն այն է, թե հեղափոխությունից հետո ակնկալվում էր այդ չափով տնտեսական աճ, թե ոչ: Հստակ պատասխան չկա, թե քանի տոկոս, բայց այն, որ տնտեսական մեծ աճ պետք է լիներ, դա կանխատեսելի էր»:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը հավելեց, որ խոսք էին տվել բյուջեի աճի մասին, իսկ հիմա խոսվում է եկամտային աճի մասին: «Բյուջեի ծախսային մասն ավելի մեծ է, քան եկամտային մասը, և եթե այդ հարաբերակցությամբ դիտարկենք, աճն այնքան էլ մեծ չէ»,- նկատեց մեր զրուցակիցը: Նրա դիտարկմամբ՝ հավաքագրման վրա էական ազդեցություն են ունեցել օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, այդ թվում նաև հարկային և մաքսային վարչարարության բարելավումը: Ս. Պարսյանի կարծիքով՝ տնտեսական աճն ավելին կլիներ, եթե ժամանակին իրականացվեին հարկային բարեփոխումներ: Նրա խոսքով՝ տնտեսական աճի միտումները կշարունակվեն, եթե ներդրումներ կատարվեն: «Այս տարվա հարկային մուտքերի վրա էական նշանակություն է ունեցել մեծ թվով ներմուծվող ավտոմեքենաների աճը: Սա կարճաժամկետ էֆեկտ կարող է ապահովել: Այս մուտքերը նոր աճ գեներացնող չեն»-նշեց Ս. Պարսյանը՝ հավելելով, որ հստակ պետք է գնահատել տնտեսական աճի որակը, աճ ապահովող ոլորտները:
«Հայաստանի տնտեսությունն առնվազն վերջին 20 տարիներին ունեցել է կորզող համակարգ, դա ենթադրում է, որ կայուն տնտեսական աճ գոյություն չունի»,- նշեց Հովհաննես Ավետիսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը այլընտրանք չունի, անհրաժեշտ է տնտեսությունը վերափոխել՝ հաշվի առնելով նաև էկոհամակարգի հետ կապված խնդիրները:
Մանրամասն՝ տեսանյութում: