Աթենքի մերձակայքում տեղի է ունեցել ուժեղ անտառային հրդեհ
Աթենքի մերձակայքում Իմիտոս լեռան ստորոտին Պեանիա քաղաքի շրջանում ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել, ոստիկանությունը տարհանում է բնակիչներին, հայտնել է Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը:
Հունաստանում շաբաթ օրվանից գործում է հրդեհային վտանգավորության կարմիր մակարդակ՝ կապված 40 աստիճան շոգի եւ ուժգին քամու հետ: Չնայած կանխարգելման բոլոր միջոցառումներին, շաբաթ տեղի է ունեցել 59 անտառային հրդեհ, կիրակի՝ 63:
«Ատիկայում Իմիտոսի ստորոտին՝ Պեանիայում այսօր տեղական ժամանակով 03:18-ին անտառային հրդեհ է բռնկվել: Անմիջապես դեպքի վայր են ուղարկվել հրշեջ մեծ ուժեր (133 հրշեջներ, 42 մեքենաներ), որոնք մշտապես համալրվել են հարեւան մարզերի հրշեջներով»,- նշված է «ՌԻԱ Նովոստի»-ի ստացած հաղորդագրության մեջ:
Դրանից բացի, օգնության են ուղարկվել քաղաքացիական պաշտպանության բոլոր ուժերը, Ատիկա մայրաքաղաքային շրջանից, տեղական ինքնակառավարման մարմնից, ինչպես նաեւ հարեւան Պելոպոնես եւ Կենտրոնական Հունաստան մարզերից ջրով ցիստեռններ:
Անմիջապես ոտիկաններ են ուղարկվել՝ կանխարգելման նպատակով բնակելի թաղամասերից բնակիչներին տարհանելու եւ օգնելու համար:
Հրդեհի մասին հաղորդելուց հետո քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը հրդեհային պաշտպանության գործողությունների Միացյալ համակարգման կենտրոնում է:
Իրադարձության վայրում է քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղար Նիկոս Խարդալիասը, նշված է հաղորդագրության մեջ:
Լուսադեմին կրակի դեմ պայքարի համար ուղարկվել են հրդեհաշիջման ունեցած բոլոր օդային միջոցները, հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:
2018 թվականի հուլիսին Աթենքի մերձակայքում Մատի քաղաքում հրդեհի հետեւանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ: Քաղաքը 1,5 ժամում այրվել էր: Այդ ժամանակ ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը իշխանություններին խիստ քննադատության էր ենթարկել բնակչության տարհանումը չկազմակերպելու համար: Ողբերգությունը այս տարվա հուլիսին արտահերթ ընտրություններում ՍԻՐԻԶԱ կուսակցության պարտության պատճառն էր: