Երաշխիք չկա, որ Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնը կանցկացվի նաև հաջորդ տարի. Ժիրայր Դադասյան
Երաշխիք չկա, որ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը կանցկացվի նաև հաջորդ տարի: Օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Նրա խոսքով՝ այս տարի իրենք ներկայացրել են 16 մլն դրամի հայտ, սակայն փառատոնի կազմակերպման մրցույթի անցկացման հետ կապված խնդիրները թույլ չեն տալիս պնդել, որ հաջորդ տարի ևս փառատոնը կանցկացվի:
Նա հավելեց, որ անչափ կարևոր է մշակութային միջոցառումների անցկացումը մարզերում, և առաջին անգամ դրան հաջողվել է հասնել 2016 թվականին:
«Այս տարի փառատոնին կմասնակցեն 7 երկրների, ներառյալ Հայաստանի կատարողներ և թատերական խմբեր: Միջոցառման մեխը կդառնա Վրոցլավի Հենրիկ Տոմաշևսկու անվան մնջախաղի թատրոնի մասնակցությունը»,- նշեց նա:
Ժիրայր Դադասյանը շեշտեց, որ ծրագրում նախատեսված է միջոցառումների անցկացում ոչ միայն Ծաղկաձորում, ինչի համար մասնակիցներին կտրամադրվեն անվճար ավտոբուսներ:
«Հանդիսատեսի թիվը կանցնի 1000-ից, և սա ուրախացնում է՝ հաշվի առնելով, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը, որն ակտիվորեն ներգրավված է փառատոնի կազմակերպման գործին, մասնագետ է և մնջախաղը կարևորում է»,- եզրափակեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Նշենք, որ Լեոնիդ Ենգաբարյանի անվան VII միջազգային փառատոնը անցկացվում է օգոստոսի 5-10-ը Ծաղկաձորում:
Փառատոնին մասնակցում են կատարողներ եւ թատերական խմբեր Ռուսաստանից, Արգենտինայից, Լեհաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ծաղկաձորում անցկացվող Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 7-րդ միջազգային փառատոնը հատուկ նշանակություն ունի երկրի մշակութային կյանքի ապակենտրոնացման տեսանկյունից: