Բրիտանական թանգարանի հավաքածուի մեջ հայտնվել են կեղծ «հակաբրեքսիթային» թղթադրամներ
Բրիտանական Թանգարանի հավաքածուի մեջ հայտնվել են կեղծ «հակաբրեքսիթային» թղթադրամներ, որոնցով ոչինչ հնարավոր չէ գնել, սակայն փոխարենը դրանց վրա կարելի է գտնել բրեքսիթի երկու ակտիվ կողմնակիցների՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ խորհրդարանական Ջեյքոբ Ռիս Մոգի դեմքերը, գրում է The Guardian-ը:
Բացի այդ, կեղծ թղթադրամները տարբերվում են «Բրեզսիթի բանկը ստում է», «Մի քանի արտոնյալների համար» եւ մի շարք այլ սարկազմով լի կարգախոսերով:
Թղթադրամները թողարկվել են ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ գործող նախաձեռնության կողմից, իսկ դրանց դիզայներն է նախաձեռնության հիմնադիր անդամ Դիք Դենիելը, որի խոսքով՝ հիմնական գաղափարը հիմնված է բրեքսիթի կողմնակիցների խոստումների, անհամապատասխանությունների եւ ԵՄ-ից դուրս գալու քարոզարշավի ժամանակ հնչած ստերի շուրջ խաղալու եւ «ինչ-որ վիզուալ բան ստեղծելու» ցանկության վրա:
Սկզբում նախաձեռնությունը թողարկել էր Ջոնսոնի պատկերով մի քանի հարյուր թղթադրամներ, այնուհետեւ դրանց թիվն ավելացել էր՝ հասնելով շուրջ 5000-ի: