Արցախի պետական նախարարը այցելել է հրետանային բրիգադներից մեկը (լուսանկարներ)
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, օգոստոսի 9-ին ՊԲ-ի առանձին հրետանային բրիգադներից մեկն է այցելել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են զորամասում, պիլոտային ծրագրի համաձայն, վերջերս ներդրված պարենային ապահովման առանձնահատկություններին, ճաշել զինվորների հետ, ծրագիրն իրականացնող մասնավոր ընկերության պատասխանատուներից հետաքրքրվել գործընթացի հետագա զարգացման հեռանկարներով:
Գրիգորի Մարտիրոսյանը, անչափ կարևորելով ընկերության ղեկավարների պատրաստակամությունը տեղական տնտեսվարողների հետ համագործակցելու և առավելագույնս տեղական արտադրանքի վրա հիմնվելու առումով, վստահեցրել է, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ այս հարցում նրանց աջակցելու համար:
Պետական նախարարն ու ՊԲ հրամանատարը այցելել են նաև <<Էյ բութս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն արդեն իսկ նոր նմուշի ճտքակոշիկներ է մատակարարում ՊԲ զինծառայողներին: Այստեղ հյուրերին ներկայացրել են գերմանական և չինական սարքավորումներով աշխատող գործարանի հնարավորություններն ու արտադրական գործընթացի առանձնահատկությունները, պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, մեծացնել արտադրական հզորության ծավալները: