ԵՏՄ-ում արտադրվող և արտահանվող ապրանքների որակի ստանդարտները պետք ամենաբարձրը լինեն. Մեդվեդև
ԵՏՄ-ում արտադրվող և արտահանվող ապրանքների որակի ստանդարտները պետք ամենաբարձրը լինեն, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա կարծիքով՝ հիմա շատ վեճեր կան այն մասին, թե այդ նորմերն ինչպիսին պետք է լինեն և արդյոք ավելցուկային չեն լինի:
«Բայց ցանկացած դեպքում մենք հասկանում ենք, որ եթե ստեղծել ենք այս ինտեգրացիոն միավորումը, ապա դա պետք է անել որակի ամենաբարձր մակարդակով»,- նշել է նա:
Մեդվեդևը նաև խոսել է միավորման մեջ տեխկանոնակարգերի կատարելագործման աշխատանքներն ուժեղացնելու պայմանավորվածության մասին:
Հիշեցնենք, որ այսօր ղրղզական Չոլպոն-Ատայում Իսիկ Կուլ լճի ափին ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Բացի Ռուսաստանի վարչապետից, գագաթնաժողովին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները:
Մեդվեդևն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպմանը կողմերը կքննարկեն մաքսատուրքերի տեղաբաշխման, ընդհանուր ֆինանասական շուկայի, ԵՏՄ ալկոհոլային շուկայի կարգավորման հարցերը, ինչպես նաև թվային օրակարգը:
Նա նաև հայտարարել է Սերբիայի և Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման ընթացակարգերն արագացնելու անհրաժեշտության մասին: Սա, նրա խոսքով, ԵՏՄ երկրների տնտեսություններին լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում: