Վան քաղաքում Հայաստանի և Վանի գործարարների կոնֆերանս է տեղի ունեցել
Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Վան քաղաքում «Վանի երիտասարդ գործարարների միության» և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» համատեղ ջանքերով կազմակերպվել է համաժողով: Գործարարներն ուշադրություն են դարձրել տնտեսական կապերի ստեղծման անհրաժեշտությանը: Հայ գործարարների անունից ելույթով հանդես է եկել «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագծի ղեկավար Արմեն Մելքոնյանը: Չնայած այն հանգամանքին, որ սահմանները փակ են, Հայաստանի և Թուրքիայի միջև տարեկան կտրվածքով շուրջ 220 մլն դոլարի առևտրաշրջանառություն է իրականցվում: Ըստ Մելքոնյանի' ներկայումս երկու երկրների միջև առևտուրը կատարվում է Վրաստանի տարածքով, և եթե դիվանագիտական հարցերը մի կողմ դրվեն և սահմանները բացվեն, ապա դա կխթանի տնտեսական վերելքին:
Այնուհետև ելույթ է ունեցել «Վանի երիտասարդ գործարարների միության» նախագահ Էրեն Գյոքչեայը: Նա ցանկություն է հայտնել, որ երկու երկրների հարևան ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններ հաստատվեն: Ըստ նրա՝ իրենք պատրաստ են տնտեսության ոլորտում համագործակցություն սկսել:
Թուրքական «Հաբեր3» լրատվական կայքի տեղեկացմամն' համաժողովը կտևի երկու օր: Ավարտին սպասվում է մի շարք պայամանագրերի ստորագրում և պայմանավորվածությունների ձեռքբերում: