Amnesty International-ը զբոսաշրջիկներին զգուշավորության կոչ է արել ԱՄՆ-ում ուղևորությունների ժամանակ
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նախազգուշացում է հրապարակել ԱՄՆ այցելել պատրաստվողների համար՝ կոչ անելով այս երկրում առավելագույն զգուշություն պահպանել հրազենի հաճախակի կիրառման դեպքերի պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ կիրառելի ճանապարհորդներին ուղղված Amnesty International-ի հանձնարարականներն ամբողջ աշխարհում մարդկանց կոչ են անում զգուշություն դրսեւորել եւ ԱՄՆ-ում ուղեւորությունների ժամանակ գործողությունների ծրագիր ունենալ արտակարգ իրավիճակների դեպքերի համար: Այս հանձնարարականները հրապարակվել են երկրում հրազենի կիրառմամբ բռնության բարձր մակարդակի պահպանման լույսի ներքո»,- ասված է կազմակերպության կայքում հրապարակված փաստաթղթում:
Իրավապաշտպանները, մասնավորապես, խորհուրդ են տալիս խուսափել մարդկանց կուտակման վայրերից, «հատկապես մշակութային միջոցառումներից, տաճարներից, դպրոցներից եւ առեւտրի կենտրոններից»: Խորհուրդ է տրվում նաեւ անչափ ուշադիր լինել տեղական բարերում, գիշերային ակումբներում եւ խաղատներում:
«Զենքի տնօրինումն ավելի բարձր դասելով մարդու հիմնական իրավունքներից՝ ԱՄՆ իշխանությունները տարբեր մակարդակներում կատարում են գիտակցված եւ համակարգված սխալներ եւ անտեսում են ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման իրենց միջազգային պարտավորությունները»,- նշված է Amnesty International-ի հայտարարության մեջ:
Կազմակերպությունը հրազենի տնօրինման եւ դրա կիրառման ոլորտում բարեփոխումների անցկացման հերթական կոչն է արել, ներառյալ գնորդի կենսագրության լիարժեք ստուգումները, գրանցման եւ լիցենզիաների տրամադրման ազգային կանոնների մշակումը, զենքի հետ վարվելու պարտադիր ուսուցումը, մեծացված տարողությամբ պահունակի եւ գրոհային զենքի արգելքը, ինչպես նաեւ զենքը պարտադիր չհրկիզվող պահարանում պահելը:
Օգոստոսի 3-ի առավոտյան Տեխասի 21-ամյա բնակիչը կարկոցներ էր արձակել Մեքսիկայի սահմանից ոչ հեռու գտնվող Էլ Պասո քաղաքի Walmart սուպերմարքեթում: Կրակողին ձերբակալել էին, նրան մեղադրում են ահաբեկչության մեջ, ենթադրվում է, որ նա հանցագործությունը կատարել է ռասայական ատելության հիմքով. զոհվածների թվում մեքսիկացիներ կան: Տեղի ունեցածի հետեւանքով զոհվել է 22 մարդ, 20-ից ավելին՝ վիրավորվել:
Կրակահերթերով եւս մեկ միջադեպ է տեղի ունեցել Դեյթոնի Օրեգոն շրջանում: Արդյունքում զոհվել է 10 մարդ, ներառյալ հրաձիգը, տուժել է 30-ից ավելին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս միջադեպերն անվանել էր մարդկության դեմ հանցագործություն: Նա արդարադատության նախարարությանը հանձնարարել էր աշխատել տեղական իշխանությունների եւ համացանցային ընկերությունների հետ՝ ծայրահեղականներին մինչեւ հանցագործության կատարումը հայտնաբերելու համար: Դրանից բացի, ԱՄՆ նախագահը ԱՆ-ին հանձնարարել էր փոփոխություններ մշակել հոգեկան առողջության պահպանման ոլորտի օրենսդրությունում, որպեսզի ավելի արդյունավետորեն հայտնաբերեն հոգեկան շեղումներով պոտենցիալ մարդասպաններին: