Այսօր Կատուների համաշխարհային օրն է (լուսանկարներ)
Կատուների համաշխարհային օրը (World Cat Day) նշվում է ամեն տարի օգոստոսի 8-ին՝ Animal Welfare Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ, ոչ միայն այս փափուկ կենդանիների մեծարման համար, այլեւ ուշադրություն հրավիրելով անօթեւան կատուների խնդրին: Եվ այսօր տոնը միավորում է ամբողջ աշխարհում այս կենդանիների միլիոնավոր տերերին, հայտնում է Calend.ru-ն:
Չէ՞ որ մոլորակի վրա քիչ մարդ կգտնվի, ով անտարբեր է մնում այս փափլիկ, շարժուն, քնքուշ եւ շատ խելացի կենդանիների հանդեպ: Նույնիսկ կատուների մասին գիտություն կա՝ ֆելինոլոգիա (լատիներեն՝ felinus – կատու եւ հունարեն՝ logos – գիտություն), որն ընդգծում է, որ կատուները միանգամայն խելացի են եւ օգտակար: Տնային կատուն (Felis catus) մտնում է կատվազգիների ընտանիքի մեջ, որում տարբերակվում է 2 ենթաընտանիք, 4 ցեղ եւ մոտ 36 տեսակ:
Այս փափուկ ձեռնասուններին նվիրված տոներ կան շատ երկրներում: Օրինակ՝ Ռուսաստանում այն նշվում է մարտի 1-ին, Լեհաստանում՝ փետրվարի 17-ին, Ճապոնիայում՝ փետրվարի 22-ին, իսկ ԱՄՆ-ում նրանց մեծարում են հոկտեմբերի 29-ին: Այս օրերը տարբեր տարիների են հայտնվել եւ հիմնված են տարբեր իրադարձությունների վրա (կամ առանց դրանց): Իսկ ահա միջազգային մակարդակով տոնը հայտնվել է 2002 թվականին: