Ռուսական նորաձևության ապրանքանիշին «բռնացրել են» Yves Saint Laurent-ի զգեստը կրկնօրինակելիս
Հագուստի ռուսական Rasario ապրանքանիշին «բռնացրել են» ֆրանիսական Yves Saint Laurent (YSL) նորաձեւության տան հագուստը կրկնօրինակելու մեջ։ Այդ հանգամանքի վրա ուշադրություն են դարձրել Instagram-յան @diet_prada էջի ադմինիստրատորները, որոնք լուսաբանում են նորաձեւության աշխարհում ամենատարբեր տարօրինակ դեպքերը։
Խոսքը կոստյումի մասին է, որը բաղկացած է բաց վարդագույն տոպից եւ մեջքի հատվածում զարդարված ժապավենակապով, ինչպես նաեւ երկար, երկար, թավշյա շրջազգեստից։
«Մեզ իսկապես շատ հետաքրքիր է՝ ինչպես է մոսկովյան Rasario ապրանքանիշը կարողացել կարծել, թե ոչ ոք չի նկատի, որ PF19 հավաքածուի նոր զգեստը Yves Saint Laurent-ի 1983թ.-ի աշնանային հավաքածուի «Paris Rose» զգեստի կրկնօրինակն է»,- հրապարակումը մակագրել է @diet_prada-ն՝ հագուստի նմանությունը ցույց տալով մի քանի լուսանկարով։
Երկրպագուներին զայրացրել է հերթական պլագիատը։ «YSL-ի այս ժապավենականով զգեստը ամենաէտալոնային ու ճանաչվող զգեստն է, որը երբեւէ ստեղծվել է։ Եվ նրանք կարծում են, որ խելացի է այն կրկնօրինակելն ու հանրային կերպով ցուցադրելը»,- քննադատել է օգտատերերից մեկը։ «Ամենավատն այն է, որ սա գնում են բազմաթիվ հարգված բայերներ։ Ինձ այլեւս չի զարմացնում, որ ապրանքանիշերն ու դիզայներները բավական համարաձակություն են ունենում պլագիատի դիմելու համար։ Բայց ինձ զարմացնում է, որ դա շարունակվում է»,- գրել է մեկ այլ օգտատեր։ «Նրանք նույնիսկ ժամանա՞կ չեն գտել գույները փոխելու համար»,- զայրացել է մեկ այլ հետեւորդ։
Paris Rose զգեստը Yves Saint Laurent ապրանքանիշի կողմից ներկայացվել է 1983թ.-ին՝ աշնանային հավաքածուի ցուցադրության ընթացքում։ Այն բազմաթիվ անգամ ցուցադրվել է տարբեր թանգարաններում, այդ թվում Մետրոպոլիտենում եւ այնքան նշանավոր է համարվում, որ օգտագործվել է որպես հագուստ Barbie տիկնիկների սահմանափակ հավաքածուի համար, որը 2018թ.-ին թողարկվել է Yves Saint Laurent-ի հետ համագործակցության արդյունքում։