Մոսկվայի դատարանը յուրացումների համար դատապարտված Մշակույթի նախկին փոխնախարար Գրիգորի Փիրումովին ազատ է արձակել
Մոսկվայի Պրեոբրաժենսկի դատարանը բավարարել է յուրացումների համար դատապարտված ՌԴ Մշակույթի նախկին փոխնախարար Գրիգորի Փիրումովի պայմանական վաղաժամ ազատ արձակման մասին միջնորդությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Սավելևին:
«Մոսկվայի Պրեոբրաժենսկի շրջանային դատարանը բավարարել է դատապարտյալ Գրիգորի Փիրումովի պայմանական վաղաժամ ազատ արձակման մասին միջնորդությունը», -ասել է դատարանի ներկայացուցիչը: Որոշումը կարող է բողոքարկվել 10 օրվա ընթացքում:
Փաստաբան Ֆեոդոր Կուպրիյանովը հայտնել է, որ դատախազությունը քննչական կոմիտե է ուղարկել ՌԴ Մշակույթի նախկին փոխնախարար Գրիգորի Փիրումովի նկատմամբ երկրորդ քրեական գործից հանցավոր խմբին մասնակցության մասին մեղադրանքները հանելու պահանջը:
«Դատախազությունը Քննչական կոմիտեին պահանջ է ուղղել այն մասին, որ ՌԴ ՔՕ 210-րդ հոդվածն անհիմն մեղսագրվել է մեր պաշտպանյալին, քանի որ հանցավոր խմբին Փիրումովի մասնակցության վերաբերյալ ոչ մի ապացույց չկա», - ասել է փաստաբանը:
Բացի այդ մեկնաբանելով Մոսկվայի Պրեոբրաժենսկի դատարանի՝ պայմանական վաղաժամ ազատ արձակմամբ խարդախության մասին առաջին գործով Փիրումովին պատժից ազատվելու մասին որոշումը, Կուպրիյանովն ասել է, որ կշարունակի պայքարել իր պաշտպանյալին մեկուսարանից ազատ արձակելու համար:
«Այդ կապակցությամբ մենք հույս ունենք, որ Փիրումովի խափանման միջոցը կփոխվի տնային կալանքի», - ասել է նա:
Գրիգորի Փիրումովը գազային դինամիկայի և տեխնոլոգիական գործընթացների մաթեմատիկական մոդելավորման ոլորտի հայտնի ռուս գիտնական Ուլյան Հայկի Փիրումովի որդին է:
2012-ին Փիրումովը աշխատանքի է անցել Մշակույթի նախարարությունում: 2013-ի մարտի 20-ին նա նշանակվել է ՌԴ Մշակույթի փոխնախարար, իսկ 2015-ի սեպտեմբերի 8-ից նշանակվել փոխնախարար-պետական քարտուղար:
2015-ի հունվարին Փիրումովը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանի, Լենինգրադի մարզի փոխնահանգապետ Նիկոլայ Եմելյանովի և այլ պաշտոնյաների հետ ընդգրկվել էր «Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և դրա հետ կապված հուշարձանների խմբեր» (ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պահպանության համակարգող խորհուրդ) Համաշխարհային ժառանգության օբյեկտի կառավարման հարցերով համակարգող խորհրդում: