Պորոշենկոն վերադարձել է Ուկրաինա
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն վերադարձել է Ուկրաինա, նրա ինքնաթիռը չորեքշաբթի գիշերը վայրէջք է կատարել Կիեւի օդանավակայանում, գրում է strana.ua-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն հրաժարվել է պետական պահակախմբից եւ ընտանիքի հետ միասին Ուկրաինայից Թուրքիա մեկնել:
«Պյոտր Պորոշենկոն այսօր գիշեր արձակուրդից վերադարձել է Կիեւ: Նրա ինքնաթիռը օգոստոսի 6-ին՝ Կիեւի ժամանակով 20.35-ին, դուրս է եկել Դուբայի Ռաս էլ Հայմա օդանավակայանից եւ 02:30-ին վայրէջք կատարել Ժուլյանի օդանավակայանում», — ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իրավաբան Անդրեյ Պորտնովը հայտնել էր, որ Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն գործ է հարուցել Պորոշենկոյի դեմ 2018-ին կեղծ փաստաթղթերով Մալդիվներ հանգստի մեկնելու համար: Ավելի ուշ հետաքննությունների պետական բյուրոն հաստատել էր, որ կհետաքննի Պորոշենկոյի կողմից կեղծ փաստաթղթերով սահմանը ենթադրաբար ապօրինի հատելու մասին գործը: