Ռոբերտ Քոչարյանը չի ընկալել, որ քաղաքական սերնդափոխություն է տեղի ունեցել
«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը շարունակում է աշխատանքը, աշխատանքները երկրորդ փուլում են, մենք փաստաթղթերի ուսումնասիրությունից անցում ենք կատարել դեպի լսումների և վերլուծությունների գործընթացներ»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նաև հավելեց, որ աշխատանքի հաջորդ փուլում անհրաժեշտ է խորհրդատուների թիմ ունենալ և արդեն իսկ ընտրվել է խորհրդատուների լուրջ թիմ՝ հաշվի առնելով նրանց անցած ուղին, հեղինակությունը: Ա. Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովը քննում է նաև Սեյրան Օհանյանի կազմած փաստաթուղթը:
«Մեր երկիրը վերցրել է փոփոխությունների ուղին, և այդ փոփոխությունները կրում են համազգային բնույթ»,- նշեց Ա. Քոչարյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետի վերջին ելույթներում տեղ են գտնում դավադիրների մասին ակնարկները՝ մեր զրուցակիցը նկատեց. «Վարչապետը վերջին ելույթում հանդես եկավ որպես համազգային լիդեր: Կարևոր ասելիքներ կային, որոնց մասին պետք է ասվեր հենց Արցախում: Կարևոր մեխերից է Արցախի կայուն անվտանգության համակարգի պահպանման հարցը…»:
Ա. Քոչարյանի դիտարկմամբ՝ շատ քաղաքական ուժեր, փոփոխություններից հետո մերժված լինելով Հայաստանում, որպես քաղաքական հարթակ ընտրեցին Արցախը և ամեն ինչ անում էին, որ Արցախի ժողովուրդը մերժի Հայաստանի նոր իշխանություններին. «Բայց երեկ Արցախի ժողովուրդը ոչ թե մերժում էր, այլ սպասում էր վարչապետի ելույթին»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք բացառում է երկրորդ նախագահի ընդդիմադիր բևեռ դառնալու հավանականությունը, Ա. Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Քոչարյանը վաղուց՝ տարիներ առաջ է մոռացվել և մերժված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում. «Ռոբերտ Քոչարյանի խնդիր չկա, դա արհեստածին խնդիր է, նա ուղղակի ունի շատ փող, և այդ փողի շուրջ կան համախմբված որոշ կայքեր, լրագրողներ, ցուցարարներ… Քոչարյանը մինչև հիմա չի ընկալել, որ տեղի է ունեցել քաղաքական սերնդափոխություն»:
Մանրամասն՝ տեսանյութում: