89 կոնգրեսականներ միավորվել են ընդդեմ Թրամփի փորձի՝ կրճատել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը
ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միավորվել են Արցախի ականազերծման ամերիկյան ծրագրի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի փորձերի դեմ պայքարին, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Աղբյուրի համաձայն՝ Կոնգրեսի անդամները, որոնցից շատերը Ներկայացուցիչների պալատի առանցքային կոմիտեներ են գլխավորում, միացել են դեմոկրատներ Բրեդ Շերմանի եւ Թիջեյ Կոքսի նախաձեռնությանը: Նրանք Կոնգրեսում արշավ են անցկացնում, որով կոչ են անում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին պահպանել Արցախում ականազերծման ծրագիրը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Թուլսի Հաբբարդը և Թիմ Ռայանը, որոնք մրցակցում են ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, նույնպես միացել են նախաձեռնությանը, Twitter-ում նշել է ANCA-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տրվելով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ճնշմանը, թիրախավորել է Արցախում հումնաիտար օգնության ծրագիրը՝ փորձելով դադարեցնել HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, որն ամբողջ հանրապետությունով անթիվ կյանքեր է փրկել:
«Նախագահ Թրամփը սխալ է գործում՝ խոնարհվելով Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի անխոհեմ պահանջների առջեւ, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերել», - նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: