Ստոլտենբերգը նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքները
Գերտերությունների մրցակցությունը, ահաբեկչությունը եւ կիբեռհանցավորությունը գլխավոր մարտահրավերներն են, որոնք ներկայումս ծառացած են ՆԱՏՕ-ի երկրների եւ նրանց դաշնակիցների առջեւ: Այսպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Նոր Զելանդիա այցի շրջանակում իր ելույթում: Գլխավոր քարտուղարի ելույթը հրապարակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ստոլտենբերգը որպես առաջնահերթ սպառնալիք նշել է խոշոր տերությունների մրցակցության ուժգնացումը, ինչպիսին են Ռուսաստանը եւ Չինաստանը: Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական հզորությունների մեծացումը «սպառնալիքի տակ է դնում կանոններով հաստատված կարգը» եւ գլոբալ գերակայության համար պայքարի ակտիվացման ցուցիչ է: Որպես Ռուսաստանի իբր «ագրեսիվ» գործողությունների օրինակ գլխավոր քարտուղարը նշել է 2014 թվականին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, օգոստոսի 2-ին Ռուսաստանի դուրս գալը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից, ինչպես նաեւ այլ երկրների «ժողովրդավարական գործընթացներին» ենթադրյալ միջամտությունը:
Ստոլտենբերգի տեսանկյամբ՝ երկրորդ գլոբալ մարտահրավերը ահաբեկչությունն է: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է մարտի 15-ին նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի 2 մզկիթի վրա հարձակման մասին, որոնց հետեւանքով զոհվել էր 51 մարդ, եւս 50-ը՝ վիրավորվել, ինչպես նաեւ Օսլոյի եւ Ուայթ կղզու ճամբարում ահաբեկչությունների մասին, որոնք տեղի էին ունեցել 2011 թվականին, երբ ինքը Նորվեգիայի վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում: «Մենք պետք է դատապարտենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը՝ անկախ դրանց ձեւից ու բնույթից»,- հայտարարել է նա:
Ստոլտենբերգը եւս մեկ սպառնալիք է համարում կիբեռտեխնոլոգիաների եւ դրանց հետ կապված հանցավորության զարգացումը: «Մենք սկսել ենք հասկանալ, որ կիբեռհարձակումները նույնքան վտանգավոր են, որքան սովորական հարձակումները»,- նշել է նա եւ հավելել, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է ցանցային տարածքում իր ինստիտուտների պաշտպանության ուղղությամբ:
Վերջում Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել համագործակցությունն ամրապնդել այն նպատակով, որպեսզի հաղթահարեն «անորոշությունն ու անկանխատեսելիությունը, որոնց բախվում են արդի միջազգային իրադրության պայմաններում»: