Թրամփը կոչ է անում խստացնել զենքի վաճառքի մասին օրենքները. «Ամերիկայի ձայն»

Միայն այս տարվա ընթացքում ԱՄՆ-ում իրականացվել է հրազենային ավելի քան 25Օ հազար հարձակում, որոնցից յուրաքանչյուրին զոհ է գնացել առնվազն 4 մարդ։ Վերջին հարձակումները Օհայոյում եւ դրանից 13 ժամ առաջ՝ Թեքսասում, դարձան մարդկային 29 զոհերի պատճառ։
Նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին ու հավաստիացրել, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն, նահանգային ու քաղաքային իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ։ 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջուլիան Կաստրոն կատարվածի մեջ մեղադրում է նաեւ նախագահին՝ նրա կողմից հաճախ հնչող հռետորաբանության համար, ով, նրա խոսքերով, օգնում է արմատականացնել ներքին ահաբեկիչներին։
Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մուլվանեյի խոսքերով, ճիշտ չէ նման իրավիճակներից քաղաքական օգուտ քաղելու փորձը, ու հարկավոր է մտածել նման դեպքերը կասեցնելու ուղիների մասին։
Սակայն ե՛ւ Մուլվանեյը ե՛ւ Կաստրոն համամիտ են, որ հրազեն կրելու իրավունքը խստացնելու հարցում հարկավոր է իրականացնել գործնական քայլեր։ «Հարկավոր է գտնել ուղիներ, որ պատերազմական զենքերը, կիսաինքնաձիգ հրազենները չհայտնվեն այն մարդկանց ձեռքին, ովքեր կարող են դուրս գալ փողոց ու սպանել մարդկանց», ասել է Կաստրոն։