«Շշի Մելոյի» ձերբակալված եղբայրն ազատ է արձակվել
ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը երեկ երեկոյան ազատ է արձակվել արգելանքից։ Այս մասին News.am-ին հայտնել է Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գեղամ Մարգարյանի մի քանի ժամ քննելով ձերբակալման որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը, ոչ իրավաչափ է ճանաչել Մանուկյանի ձորբակալությունը և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Նշենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել է ՔՕ 38-332 հոդվածի հատկանիշներով՝ արդարադատությանը խոչընդոտելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։
Հիշեցնենք,ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Շշի Մելոյի եղբայրը ձերբակալվել է:
Տեղեկացրել էինք նաև, որ մեքենան դեպքի վայրից հեռացնելու գործով ձերբակալված է նաև Մելիք Մանուկյանի թիկնապահը՝ Մարկոս Մարկոսյանը: Ըստ քննության տվյալների՝ դեպքի վայրից հենց նա է Ռոբերտ Մանուկյանի դրդչությամբ հեռացրել մեքենան:
Մասնավորապես, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «1976 թվականին ծնված տղամարդը, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել է վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ դուրս բերել դեպքի վայրից և դիմել փախուստի, այդ կերպ իրականացնելով նրա կյանքի և առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիք»: Նշենք, որ հետագայում մեքենան հայտնաբերվել ու վերադարձվել է:
Պայթյունի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի և պայթյուցիչ նյութեր պահելու հոդվածներով, ձերբակալվել է 3 անձ, սակայն սպանության փորձ կատարած անձանց ինքնությունը դեռ գաղտնի է պահվում :
Պարզվել էր, որ Երևան-Սևան ճանապարհին՝ կամրջի տակ տեղադրված պայթուցիկը հեռակառավարվել է. Նոր մանրամասներ ՇՇի Մելոյի վրա մահափորձի գործից :