Թրամփն ԱՄՆ-ում զագվածային հրաձգությունները պատճառաբանել է հոգեկան հիվանդություններով
ԱՄՆ-ում զանգվածային հրաձգությունները կապված են հոգեկան առողջության խնդիրների հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է WHIO-ն:
Սպիտակ տան ղեկավարը կրակողներին անվանել է «շատ ծանր հոգեկան հիվանդներ»: Նա հավելել է, որ զանգվածային հրաձգությունների խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում, և դա անհրաժեշտ է կանգնեցնել:
Անցած օրերին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել զանգվածային հրաձգության միանգամից երեք դեպք: Operativ լրատվականը հայտնել էր, որ նախ՝ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում Walmart առևտրի կենտրոնի վրա հարձակման հետևանքով զոհվել էր 20 մարդ, 26-ը՝ վիրավորվել:
Հրաձիգը ձերբակալված է. նա 21-ամյա ամերիկացի Պատրիկ Կրուզիոսն է: Մինչև հարձակումը նա Twitter-ում մանիֆեստ էր հրապարակել, որում աջակցություն էր հայտնել մարտին Նոր Զելանդիայի մզկիթում իրագործված ահաբեկչական հարձակմանը և հայտարարել, որ ներգաղթյալների պատճառով տուժում է ԱՄՆ մշակույթը եւ տնտեսությունը:
Դրանից հետո հրաձգություն էր տեղի ունեցել Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, զոհվել էր 9 մարդ, ներառյալ հրաձիգը, եւս 26-ը տուժել էր: Հարձակվողը 24-ամյա Քոնոր Բեթսն էր: Զոհվածների թվում էր եղել նրա քույրը:
Երրորդ դեպքը տեղի էր ունեցել Չիկագոյի մանկական հրապարակում, որի հետևանքով վիրավորվել էր 7 մարդ: Հարձակվողի մասին, որը տեղաշարժվել է սև Chevrolet Camaro-ով, ոչինչ չի հաղորդվում: