Իտալիայի ՆԳՆ ղեկավարի՝ գնչուհուն ուղղված վիրավորական արտահայտությունը քննադատության ալիք է բարձրացրել
Իտալիայի ՆԳՆ ղեկավար Մատտեո Սալվինին հայտնվել է ռասիստական սկանդալի կենտրոնում՝ գնչուհուն անվանելով «կեղտոտ» և սպառնալով նրա տունը հողին հավասարեցնել բուլդոզերի օգնությամբ, գրում է Independent-ը:
Սալվինին նման արտահայտություն է արել Twitter-ում՝ ի պատասխան Միլանում ճամբարում ապրող կնոջ: Կինը հայտարարել էր, որ Սալվինին «գլխի մեջ փամփուշտի» է արժանի: Սալվինին կնոջը «zingaraccia» է անվանել, ինչը թարգմանաբար նշանակում է «կեղտոտ ցիգան»:
Իտալիայում այդ արտահայտությունը քննադատության ալիք է բարձրացրել, իսկ որոշ քննադատներ ՆԳՆ ղեկավարին հիշեցրել են, որ օգոստոսի 2-ը հռոմեական Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է, երբ 1944թ. Աուշվից ճամբարում նացիստները հազարավոր մարդկանց սպանեցին: