«Շշի Մելոյի» թիկնապահը մեքենան վարել է ոստիկանի ուղղությամբ․ նոր մանրամասներ նրա ձերբակալությունից
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի օգոստոսի 2-ին, 1976 թվականին ծնված տղամարդը, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում դեպքի վայր հանդիսացող տարածքից հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել է վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ դուրս բերել դեպքի վայրից և դիմել փախուստի, այդ կերպ իրականացնելով նրա կյանքի և առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332 –րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ձեռնարկված մի շարք անհետաձգելի գործողությունների արդյունքում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան և 1976 թվականին ծնված տղամարդը հայտնաբերվել են:
Վերջինս ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ րատվականը հաղորդել էր, որ «Շշի Մելոյի» թիկնապահը բերման է ենթարկվել․ նա Range-ով փախուստի էր դիմել:
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել էր կամրջի եթևեկելի հատվածը ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել էր դժվարանցանելի: Պայթյունի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել էր մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս:
Պայթյունի հետևանքով վնասվել էր նաև երկու ավտոմեքենա՝ «Range Rover» մակնիշի 555 LL 05 համարանիշի և «Nissan» մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ «Range Rover»-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթևեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր և վիրավորներ չէին եղել:
«ՇՇի Մելոյի» նկատմամբ սպանության փորձ կատարած անձանց ինքնությունը դեռ գաղտնի է պահվում: