Լրատվամիջոցները հայտնել են Boeing 737 MAX-ի թռիչքների վերականգնման ժամկետների մասին
Boeing 737 MAX-ի շահագործումը կվերականգնվի 2020 թվականի սկզբից ոչ շուտ այն պատճառով, որ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) Եվրոպայի երկրների ավիակարգավորողների պնդմամբ այս օդանավերի հավաստագրման ընթացակարգը համալրել է նոր թեստերով, հայտնում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ ԴԱՎ-ն որոշել է չսահմանափակվել այս շարքի օդանավերի MCAS (Maneuvering Characteristics Augmentation System – («Մանեւրայնության բնութագրերի բարելավման համակարգ») համակարգի խափանումների պատճառների վերացմամբ: Որոշվել է ավիասիմուլյատորների վրա ստուգել թռիչքի ժամանակ ոչ սովորական իրավիճակների սցենարները, որոնց առաջացման հավանականությունն աննշան է: Մեկ առանձին վերցրած դեպքում թեստի ժամանակ օդաչուն այդպիսի խափանմանն արձագանքել է 16 վայրկյանում, որը չափազանց երկար է ԴԱՎ-ի հավաստագրած նորմերից:
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ ավիակարգավորողը նաեւ մշակում է Boeing 737 MAX-ի յուրաքանչյուր չվերթի ժամանակ թռիչքի կառավարման համար պատասխանատու օդանավի 2 համակարգիչ միաժամանակ գործարկելու առաջարկը: Նախկինում այս օդանավերում աշխատել է այդ համակարգիչներից մեկը:
Boeing 737 MAX օդանավերի շահագործումը դադարեցվել էր 2 ավիաաղետներից հետո. մարտի 10-ին Եթովպիայում կործանվել էր Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը, որի հետեւանքով զոհվել էր 157 մարդ, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության նույն մոդելի օդանավի աղետի հետեւանքով զոհվել էր 189 մարդ: Boeing-ի ղեկավարությունն ընդունել էր, որ 2 դեպքում էլ օդանավերում կործանվելուց առաջ տեղի է ունեցել MCAS համակարգի աշխատանքի խափանում:
Դրանից հետո շատ երկրներ, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ ԵՄ պետությունները, անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցրել էին այդ շարքի օդանավերի շահագործումը: