«ՇՇի Մելոյի» նկատմամբ սպանության փորձ կատարած անձանց ինքնությունը դեռ գաղտնի է պահվում
Ինչպես Operativ.am լրատվականը տեղեկացրել էր, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 3 անձ ձերբակալվել է, սակայն քննչական կոմիետից դեռ չեն տեղեկացնում՝ ովքեր են ձերբակալված անձինք։
Քրեական գործը հարուցվել է ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը) և ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին (Ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռքբերելը, պահելը)։
ՀՀ Քննչական Կոմիտեից Operativ լրատվականին հայտնել են միայն, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվածներն ունեն հանցավոր անցյալ ու դատապարտված են եղել:
Հիշեցնենք՝ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել էր կամրջի եթևեկելի հատվածը ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել էր դժվարանցանելի: Պայթյունի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել էր մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս:
Պայթյունի հետևանքով վնասվել էր նաև երկու ավտոմեքենա՝ «Range Rover» մակնիշի 555 LL 05 համարանիշի և «Nissan» մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ «Range Rover»-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթևեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր և վիրավորներ չէին եղել: