Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունը որակվել է որպես սպանության փորձ. տուժել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելո»-ի ավտոմեքենան
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այսօր Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքով, որի հետևանքով վնասվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելո» ավտոմեքենան։
Քրեական գործը հարուցվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, իրացնել, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ ՔԿ-ի փոխանցմամբ քննիչներն այժմ դեպքի վայրում աշխատում են։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Range Rover մակնիշի մեքենան պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին։