ԱՄՆ-ում Էլիզաբեթ Թեյլորի Rolls-Royce-ն աճուրդի է դրվել 2 մլն դոլարով
Դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին (1932-2011 թվականներ) պատկանող Rolls-Royce ավտոմեքենան օգոստոսի 6-ին Նյու Յորքում աճուրդի կդրվի: Այս մասին Twitter-յան իր էջում հայտնել է Guernsey's աճուրդի տունը:
«Guernsey's-ը լեգենդար ավտոմեքենան աճուրդում կվաճառի օգոստոսի 6-ին 18:30-ին: Աճուրդը տեղի կունենա «Պիեռ» հյուրանոցում»,- տեղեկացրել է աճուրդի տունը: Այն լոտը գնահատել է 1-2 մլն դոլար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խոսքը պատվերով պատրաստված Rolls-Royce Silver Cloud II Drophead Coupe մոդելի մասին է՝ հետ ծալվող վերնամասով, որը դերասանուհուն եւ նրա ամուսնուն՝ փոփ երգիչ Էդի Ֆիշերին է ուղարկվել 1960 թվականի դեկտեմբերին: Մեքենայի գույնը նշված է որպես ծխականաչ, որը զուգակցվում էր Թեյլորի աչքերի գույնին, The New York Times պարբերականին ասել է Guernsey's-ի ներկայաղցուցիչ Էրլան Էթինգերը: Ավտոմեքենան հագեցած է էլեկտրահղորդակով ապակու ամբարձիչներով եւ 6,2 լ ծավալով շարժիչով, սարքերի վահանակը պատրաստված է «կարպատյան կնձենու» փայտից՝ աճի մանրաթելերի ձեւափոխած ուղղություններով: Դռներին վերարտադրված են ամուսինների առաջին անվանատառերը:
Ըստ Guernsey's-ի՝ Թեյլորն այս Rolls-Royce-ից օգտվել է Հռոմում «Կլեոպատրա» ֆիլմի (Cleopatra, 1963) նկարահանումների ժամանակ: Այնտեղ սկսվել է Թեյլորի եւ դերասան Ռիչարդ Բերթոնի սիրավեպը: Ինչպես հայտնի է, Ֆիշերը Թեյլորի չորրորդ ամուսինն էր: 1964 թվականին Բերթոնը դարձել է նրա հինգերորդ ամուսինը, նրանից բաժանվել 1974 թվականին եւ նրա հետ կրկին ամուսնացել 1975 թվականին: Հոլիվուդի աստղերի երկրորդ ամուսնությունը կարճատեւ էր եւ ընդամենը 9 ամիս է տեւել: