Թույլ չենք տալու և, անհրաժեշտության դեպքում, դիմելու ենք կոշտ միջոցների. Վիտալի Բալասանյան
Այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում մեր երկրի ներքաղաքական կյանքում, կարծում եմ, անտարբեր չի թողել եւ ոչ մեկին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախի հերոս, ԱՀ նախկին ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Ավելին, մեր համաքաղաքացիների հետ իմ ամենօրյա հանդիպումներից ու շփումներից ստացած տրամադրությունները միայն մտահոգությունների տեղիք են տալիս: Առաջին անգամ այս հող ու ջրի իսկական տերերը մի խումբ բախտախնդիրների պատճառով ոչ միայն երկրում սահմանադրական կարգի տապալման, այլեւ պետության եւ պետականության գոյության կորստի իրական վտանգ են տեսնում:
Թող անհամեստություն չլինի, բայց 2012 թ.-ին ժողովրդի վստահության քվեի շուրջ մեկ երրորդը ստացած նախագահի թեկնածուս արդյո՞ք չէր կարող հանրային դժգոհությունների ալիքն ուղղորդել հանրահավաքների եւ ցույցերի կազմակերպմանը, թե՞ առիթ գտնելն էր դժվար: Չենք արել, քանի որ շատ լավ գիտակցել ենք դրա վտանգավոր հետեւանքներն ու մեր պատասխանատվության աստիճանը, քանի որ դա չէր 1988թ.-ի Արցախյան Շարժման նպատակը, դրա համար չէինք մի կտոր չոր հաց կիսելով 1991-94թթ.-ին ազգային- ազատագրական պայքար մղում: Քանի որ հարգել ենք ժողովրդավարական արժեհամակարգով պետություն կառուցելու մեր բոլորի հավաքական կամքը, ոչ թե պաշտոնակռիվ տալու անհեռանկար ճանապարհը: Մեր երկրում խնդիրների լուծման դաշտը փողոցը չէ, ուստի ընտրություններից հետո, անկախ զբաղեցրած պաշտոնից, կրկին շարունակել եմ իմ ծառայությունը՝ իմ բաժին ներդրումն ունենալով Արցախի զարգացման գործում:
Եվ այսօր ոչ ոք իրավունք չունի մարտահրավերները խառնելու ու քաղաքացիական նախաձեռնությունների տակ առաջ մղելու սեփական քաղաքական ամբիցիաները՝ փորձելով խաթարել ներքին միասնականությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես եւ իմ գաղափարակից ընկերները դա թույլ չենք տալու եւ, անհրաժեշտության դեպքում, դիմելու ենք կոշտ միջոցների: Հանուն ներքին կայունության ապահովման՝ մենք մինչեւ վերջ կանգնելու ենք իշխանության եւ պետականության կողքին:
Արցախում քաղաքական բոլոր պրոցեսները պետք է ուղղված լինեն լեգիտիմ իշխանության ձեւավորմանը, որի համար լավագույն միջոցը կարող են հանդիսանալ միայն ազատ, արդար եւ հավասար պայմաններով կազմակերպված ընտրությունները»,–նշել է նա: