Թրամփը հայտնել է, որ բեն Լադենի որդին ԱՄՆ-ին լուրջ սպառնալիք էր ներկայացնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել Համզա բեն Լադենի՝ 2011 թվականին ոչնչացված «Ալ Քաիդա» խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենի որդու վնասազերծմանը ԱՄՆ իշխանությունների մասնակցության մասին հարցին, սակայն նշել է, որ նա Միացյալ Նահանգներին լուրջ սպառնալիք էր ներկայացնում: Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է հինգշաբթի Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնում է Fox News-ը:
«Ես չեմ կարող դա մեկնաբանել, բայց նա մեր երկրին լուրջ սպառնալիք էր ներկայացնում: Նա մեր երկրի մասին անչափ վատ բաներ էր խոսում: Այդ կապակցությամբ ինքներդ եզրակացություններ կատարեք»,- ասել է նա՝ պատասխանելով բեն Լադենի որդու վնասազերծմանը ԱՄՆ իշխանությունների մասնակցության մասին հարցին: «Նա մեր երկրին մեծ սպառնալիք էր ներկայացնում, իսկ դա չի կարելի կատարել»,- հավելել է Թրամփը:
Ավելի վաղ The New York Times պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտոնական դեմքերը կարծում են, որ Համզա բեն Լադենը վնասազերծվել է ինչ-որ գործողության հետեւանքով, որն անցկացվել է վերջին 2 տարում Թրամփի վարչակազմի օրոք, ընդ որում՝ կոնկրետ օրը չի հստակեցվում: Ըստ այդ տեղեկությունների՝ դրանում որոշակի դերակատարում է ունեցել ԱՄՆ հետախուզությունը:
Ընթացիկ տարվա սկզբին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է 1 մլն դոլար վճարել տեղեկության համար, որը թույլ կտա պարզել Համզա բեն Լադենի գտնվելու վայրը: Պարբերականի տեղեկություններով՝ այդ պահին նշված գործողությունն արդեն անցկացված էր, սակայն Վաշինգտոնը համոզված չէր, որ Համզա բեն Լադենը սպանված է: ԱՄՆ-ն հույս ուներ այդ կերպ ստանալ դրա հաստատումը:
Սպիտակ տան տարածած սղագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահը չորեքշաբթի հրաժարվել էր հաստատել՝ արդյոք ստո՞ւյգ է Համզա բեն Լադենի մահվան մասին տեղեկությունը:
Համզա բեն Լադենը նախկինում պատկերվել է մի քանի քարոզչական տեսագրություններում, որոնք տարածել է «Ալ Քաիդան»: ԱՄՆ իշխանությունների կարծիքով՝ Համզա բեն Լադենին պատրաստում էին խմբավորման պարագլուխներից մեկը դառնալուն: Ուսամա բեն Լադենը ամերիկյան հատուկ ջոկատի կողմից ոչնչացվել է 2011 թվականի մայիսի 2-ին Պակիստանում: Այս գործողությունն անցկացնելու հրահանգը տվել էր Բարաք Օբաման, որն այդ ժամանակ ԱՄՆ նախագահն էր: