Թրամփը հայտնել է, որ քննարկում է Վենեսուելան շրջափակելու հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ իր վարչակազմը քննարկում է Վենեսուելայի դեմ շրջափակում մտցնելու հարցը: Վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը հինգշաբթի Սպիտակ տան Հարավային մարգագետնում Օհայո նահանգ թռչելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին, հայտնում է «Սի-սփեն» հեռուստաալիքը:
Թրամփին հարցրել են՝ ամերիկյան իշխանություններն արդյոք քննարկո՞ւմ են Բոլիվարական Հանրապետության դեմ «շրջափակում եւ մեկուսացում» սահմանելու հարցը՝ հաշվի առնելով «օգնության այն ծավալը, որը ստանում» է Կարակասը Մոսկվայից, Թեհրանից եւ Պեկինից: «Այո, ես քննարկում եմ»,- պատասխանել է Թրամփը՝ իր ասածը չպարզաբանելով:
Վենեսուելան բախվում է տնտեսական մեծ դժվարությունների, որոնք խորացնում են ԱՄՆ պատժամիջոցները: Հուլիսի 5-ին Ժնեւում ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը հայտարարել էր, որ «վերջին տնտեսական պատժամիջոցները է՛լ ավելի են խորացնում տնտեսական ճգմնաժամի հետեւանքները՝ հաշվի առնելով, որ արտասահմանյան եկամուտների մեծ մասը ստացվում է նավթի արտահանումից եւ մեծապես կապված է ԱՄՆ շուկայի հետ»:
Երկրի նախագահ Նկոլաս Մադուրոն իր հերթին հուլիսի սկզբին Բաչելեթին հղած նամակում նշել էր, որ Միացյալ Նահանգները Վենեսուելային զրկել է ավելի քան 30 մլրդ դոլարի նավթային ակտիվներից: Դրանից բացի, բանկերում արգելափակվել եւ առգրավվել է 7 մլրդ դոլարից ավելի, որը նախատեսված էր պարենի եւ դեղերի գնման համար: Վենեսուելայի ԱԳՆ-ում ԱՄՆ պատժամիջոցային քայլերը գնահատում են որպես «տնտեսական ահաբեկչություն», որը Վենեսուելային «զրկում է սնունդ ստանալու իրավունքից»: