Մենապարող Րաֆֆի Գալստյանը Չինաստանում բալետի միջազգային մրցույթի կմասնակցի
2019 թվականը շատ հագեցած է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ դեռեւս 19 տարին չբոլորած առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանի համար:
Նա մեծ սիրով եւ պատասխանատվությամբ է կերտում այն կերպարները, որոնք իրեն են վստահվում թատրոնի ղեկավարության կողմից: Թատրոնի միջազգային օրը «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ՀԹԳՄ-ի կողմից Րաֆֆին արժանացավ դիպլոմի՝ «Չիպոլինո» բալետային ներկայացման մեջ Կոմս բալի դերակատարման համար, իսկ Պարարվեստի միջազգային օրվա առթիվ ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացավ պատվոգրի:
Ամենօրյա մարզումներ, ներկայացումներ, եւ այս ամենի հետ մեկտեղ Րաֆֆին հասցնում է հայկական դրոշը բարձր պահել աշխարհի տարբեր բեմահարթակներում անցկացվող բալետային միջազգային մրցույթներում:
Մարտի 29-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Վ. Չաբուկիանիի անվան բալետի միջազգային մրցույթը, որտեղ երիտասարդ մենապարողը գրավեց առաջին տեղը: Րաֆֆին դեռեւս 2017թ.-ից հայտնվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Այս տարվա ապրիլի 12-ին նա արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին՝ այցելություն դեպի Մոսկվայի մեծ թատրոն:
Ապրիլի 28-ին Րաֆֆին մասնակցեց Ֆրանսիայի Թուլոն քաղաքում տեղի ունեցած LES AMIS DE LA DANSE բալետի միջազգային մրցույթին, որտեղ կրկին գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը եւ արժանացավ Գրանպրիի:
Այժմ Րաֆֆին պատրաստվում է մեկնել Չինաստան ՝ մասնակցելու GIDC բալետի միջազգային մրցույթին, որը տեղի կունենա օգոստոսի 5-6-ը Վանձյո քաղաքում: Հաջողություններ ենք մաղթում երիտասարդ մենապարողին ՝ ակնկալելով հաղթանակ եւ նորանոր ձեռքբերումներ: