«Տիգրան Մեծ» օպերան կկրճատվի 3,5 ժամից մինչեւ 2,5 ժամ. բեմադրող ռեժիսոր
Բարոկկո ոճով բեմադրելու համար որոշակի պայմաններ են անհրաժեշտ: Կատարողների եւ տեխնիկական հնարավորությունների հետ մեկտեղ անհրաժեշտ է նաեւ պատրաստված հանդիսատես: Օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց բարոկկո եւ կլասիցիզմի դարաշրջանի գերմանացի կոմպոզիտոր Ադոլֆ Հասսեի «Տիգրան Մեծ» օպերայի պրեմիերային բեմադրության գլխավոր բեմադրող ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանը:
Նրա պարզաբանմամբ՝ քանի որ ներկայացումը բացօթյա է լինելու, ապա դրա տեւողությունը 3,5 ժամից կրճատվելու է մինչեւ 2,5 ժամ: «Սա կապված է այն հանգամանքի հետ, որ հանդիսատեսը բացօթյա ներկայացումներն ավելի վատ է ընկալում, քան թատրոնում: Դրանից բացի, կարող են դժվարություններ առաջանալ Գառնիում ներկայացումը կազմակերպելիս, եթե այն երկար տեւի: Հույս ունենք, որ հետագայում, երբ ներկայացումը թատրոնում լինի, կկարողանանք մտածել օպերայի ամբողջական բեմադրման մասին»,- նշեց նա:
Իսահակյանի խոսքով՝ օպերայի ամբողջական պարտիտուրան երկար ժամանակ կորած էր համարվում, սակայն հաջողվել է այն հայտնաբերել, ինչը ահռելի ջանքեր է պահանջել:
Աշխարհահռչակ ամերիկահայ դիրիժոր, «Տիգրան Մեծ» օպերայի գլխավոր դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանն, իր հերթին, գոհունակություն հայտնեց Իսահակյանի եւ Պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի հետ ներկայացման նախապատրաստման աշխատանքից՝ հավելելով, որ բոլոր երաժիշտներն, ամենայն հավականությամբ, Հայաստանից կլինեն:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ 300 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մտադիր է բեմադրել «Տիգրան Մեծ» օպերան :