"Rolling Stones"-ը դատի է տվել գերմանական ընկերությանը
«Rolling Stones» երաժշտախումբը դատարանում հայց է ներկայացրել հագուստի արտադրությամբ զբաղվող գերմանական ընկերության դեմ` լեզուն դուրս հանած բերան պատկերող լոգոտիպի անօրինական օգտագործման համար: Այս մասին հայտնում է Nme.com կայքը: Հայցի գումարը կազմում է 210 հազար ֆունտ ստերլինգ: Պատասխանատուն «New Yorker Fashion» ընկերությունն է: Եթե ընկերության մեղքն ապացուցվի, ապա այն պետք է վճարի նաև 17 հազար ֆունտ ստերլինգ տուգանք: Մինչև դատարանի որոշումն արդեն ստիպել են 800 խանութից դուրս հանել բերան պատկերող ցուցապաստառները և ավելի քան 3000 հագուստի առարկա:
"New Yorker Fashion"-ի գլխավոր տնօրեն Ֆրից Կնապն իր հերթին մեկնաբանել է իրավիճակն` ասելով, որ լեզվի պատկերն օգտագործվում է ոչ միայն "Rolling Stones" խմբի կողմից: «Պաստառներն արվել են մեր ստեղծագործական բաժնի կողմից: Ես թույլ չեմ տա "Rolling Stones"-ին արգելել իմ լեզուն»,-ասել է Ֆրից Կնապը:
Ըստ խմբի մամլո խոսնակի` "Rolling Stones"-ը կպաշտպանի իր կոմերցիոն ապրանքներն` անկախ այն բանից «դա կլինի երգ, համերգ, թե լեզու»:
Խմբի լոգոտիպը ստեղծվել է 1971թ.-ին բրիտանացի դիզայներ Ջոն Փեշի կողմից` 50 ֆունտով: Լեզվի պատկերը հենց նույն տարվա ընթացքում հայտնվեց խմբի ալբոմում, իսկ հետո համերգներին զարդարում էր բեմը երկար տարիների ընթացքում: