Մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ (լուսանկարներ)
Բանակային ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին ընդառաջ, ՊԲ-ի առանձին տանկային բրիգադներից մեկի ուսումնական բազայի հիմքի վրա, հուլիսի 31-ին անց են կացվել մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ` ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից։
Ցուցադրական պարապմունքներին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների եւ զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:
Անդրադառնալով ցուցադրական պարապմունքների նշանակությանը՝ բանակի հրամանատարը կարեւորել է դրանք առաջիկա ուսումնաշրջանում առաջադրված խնդիրների կատարման համատեքստում` խորհուրդ տալով ուսուցանվող կազմին առավելագույնս օգտագործել ընձեռված հնարավորությունը մարտական պատրաստականության համալիր միջոցառումների իրականացման հարցում, միատեսակ եւ նաեւ, ըստ անհրաժեշտության, ոչ ստանդարտ մոտեցումներ ձեւավորելու առումով:
Հատուկ ուսումնական տեղամասերում, ըստ ոլորտային խմբերի ցուցադրվել են այնպիսի գործնական պարապմունքներ, ինչպիսիք են զորամասի հերթապահի եւ անձնակազմի գործողությունները` մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանների բերման ժամանակ, աշխատանքների կազմակերպումը անձնակազմի եւ տեխնիկայի ընդունման կետերում, գործողություններ նստեցման շրջաններում, թիկունքային ապահովման որոշ առանձնահատկություններ եւ այլն:
Պարապմունքների կարեւորությունը նաեւ նրանում է, որ ցուցադրված բոլոր թեմաները ուղղակի առնչվում են հաջորդ կիսամյակի ուսումնամարտական խնդիրներին եւ, լինելով փոխկապակցված մեկը մյուսին, բոլոր պաշտոնատար անձանց կողմից պահանջում են համակարգված մոտեցումներ:
Վերջում, ի մի բերելով արդյունքները, ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է միավորումների եւ զորամասերի հրամանատարներին, նման պարապմունքներ կազմակերպել նաեւ ենթակա ստորաբաժանումների հետ: