Թրամփը սկսել է Սպիտակ տունը շրջապատել 4 մետրանոց ցանկապատով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատի կառուցում է սկսել ոչ միայն ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, այլ նաև Վաշինգտոնում գտնվող իր նստավայրի՝ Սպիտակ տան շուրջ: Փենսիլվանիա պողոտայի երկայնքով ցանկապատի հատվածը, որտեղից բացվում է այս վայրի ամենահայտնի և զբոսաշրջիկների կողմից սիրված տեսարանը, փակել են սպիտակ շինարարական ցանկապատով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահի նստավայրը, սակայն երեւում է փողոցից: Գեղեցկության համար ցանկապատը պատված է սպիտակ կտորով, որի վրա փակցված են նախագծի որոշ մանրամասներ, ինչպես նաեւ արխիվային պատկերներ, թե ինչ տեսք է ունեցել Սպիտակ տունը նախորդ դարաշրջաններում:
Ազգային պարկի ծառայության կայքում հրապարակված ծրագրերի համաձայն՝ ներկայիս մոտ 2 մ բարձրությամբ ցանկապատը պետք է երկու անգամ ավելի բարձրով փոխարինեն:
Մոտ 13 ֆուտ (գրեթե 4 մ) բարձրությամբ պատնեշը կկառուցվի խախտողների հայտնաբերման տեխնոլոգիաների կիրառմամբ եւ այնպես, որ դրա վրա հնարավոր չլինի բարձրանալ:
Չթույլատրված ներթափանցումներ
Սպիտակ տան շուրջ նոր պատի կառուցման թույլտվությունն ԱՄՆ Գաղտնի ծառայությունը ստացել է 2017-ին համապատասխան դաշնային իշխանություններից: Միացյալ Նահանգների նախագահի Վաշինգտոնի նստավայրում ավելի բարձր ցանկապատ կառուցելու մտադրություններն ի հայտ եկան աղմկահարույց միջադեպերից հետո, որոնք կապված էին անհայտ անձնաց կողմից Փենսիլվանիա պողոտա 1600 հասցեում համալիրի պահպանվող տարածք չթույլատրված ներթափանցումների հետ:
Նմանատիպ գրեթե ամենասկանդալային միջադեպը դարձավ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին ԱՄՆ քաղաքացի, ԶՈՒ վետերան Օմար Գոնսալեսի ներխուժումը անմիջապես Սպիտակ տուն:
Նրան հաջողվել էր ոչ միայն ցանկապատի վրայով Սպիտակ տուն ներթափանցել եւ անխոչընդոտ անցնել մարգագետինը, այլեւ շենքի ներսում հայտնվել:
Նման միջադեպերը շարունակում են կրկնվել: Այսպիսով, այս տարվա հունիսին Գաղտնի ծառայության աշխատակիցները Սպիտակ տան ցանկապատի վրայով անցնելու ժամանակ ձերբակալել էին մի տղամարդու:
Ցանկապատը փայտյա էր
Շինարարական աշխատանքները աստիճանաբար կանցկացվեն եւ կշարունակվեն մինչեւ 2021-ը ներառյալ: Արդյունքում ներկայիս պատն ամբողջությամբ կփոխարինվի: Ընդ որում նրա որոշ հատվածները կպահպանեն պատմության համար եւ թանգարան կուղարկեն:
Ընդհանուր առմամբ արտաքին տեսքով նոր ցանկապատը շատ չի տարբերվի ներկայիս պատնեշից՝ չհաշված բարձրությունը:
Սպիտակ տան 2 դարից ավել գոյության ընթացքում (շինարարությունը սկսվել է 1792 թվականին) պարսպի ձեւը եւ տեսքը բազմիցս փոխվել են: Այպիսով, Թոմաս Ջեֆերսոնի նախագահության տարիներին (1801-1809) ցանկապատը պատրաստվել էր փայտյա ձողերից : Այնուհետ դրա փոխարեն քարե պատ կառուցեցին, որը հետագայում փոխարինվեց մետաղական ցանկապատով: Պատմաբանները ենթադրում են, որ սկզբում այն ներկվել է մուգ կանաչ գույնով: Վերջին տարիներին ցանկապատը ներկել են ավանդական սեւ գույնով: