Ես Հայաստանի առաջին գործարար տղամարդն եմ. Սիլվա Համբարձումյան (Տեսանյութ)
Արամ Հարությունյանին իրավապահները չեն կարողանում հայտնաբերել, քանի որ նա լավ է թաքնվում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31–ին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանի գործով տուժող, գործարար Սիլվա Համբարձումյանը։ Վերջինս, այսօր ներկայացել էր Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ ներկայացված բողոքի գործի քննությանը։
«Գործով անցնող անձանցից 3-4–ը փախած են՝ այդ թվում Սուրեն Ավագյանը, «Սևանի» հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը։ Գործով միայն մեկն է կալանավորված, մեկը ստորագրությամբ է շրջում Հայաստանում, իսկ կարևոր դեմքին՝ Արամ Հարությունյանին, չեն կարողանում գտնել։ Բոլորը պնդում են, որ Արամ Հարությունյանը Հայաստանում է։ Ես կարծում եմ, որ կամ Արամ Հարությունյանին պետք է արագ բռնել։
Հարցին, թե ի՞նչ է պատճառը, որ մինչ այս պահը Հարությունյանին չեն հայտնաբերել, Համբարձումյանն ասաց.
«Կարծում եմ նա լավ է թաքնվում, չեմ կարծում, որ իրավապահներն են թերանում, քանի որ սա վարչապետի հանձնարարականն է»։
Ըստ գործարարի՝ երբ ուժի մեջ մտնի «Կոռուպցիոյով հարստացածների» մասին օրենքը, բոլոր դատավարություններն արագ կավարտվեն։
Անդրադառնալով գործարար Սամվել Մայրապետյանին պատասխանատվության ենթարկելու հարցին, գործարարը հույս հայտնե,ց որ այդ գործն էլ մոտ ապագայում հանգուցալուծում կստանա։
«Սամվել Մայրապետյանն իրոք հիվանդ է և ես կարծում եմ նա Գերմանիայում կբուժվի՝ կվերադառնա, չեմ կասկածում, որ նա իսկապես հիվանդ է»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ գործարար Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար: Դեռեւս նախորդ տարի գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ Սամվել Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։