Պուտինը փորձում է Ադրբեջանին ներքաշել Եվրասիական միության մեջ. ադրբեջանագետ
Ադրբեջանն առանցքային պետություն է, քանի որ խոշոր էներգակիրների մատակարար է, նավթագազային ոլորտում վերածվում է լուրջ խաղացողի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Նրա խոսքով` Ռուսաստանն իր շահն է հետապնդում տարածաշրջանում: Հետաքրքիր նպատակներ է հետապնդում նաև Պուտինի այցը: Ադրբեջանում դա վերածվեց ինքնափիարի, քանի որ պրոիշխանական շատ փորձագետներ և ԶԼՄ-ներ հակված են այն կարծիքին, որ սա Իլհամ Ալիևին օժանդակության ժեստ էր ՌԴ նախագահի կողմից:
Ըստ ադրբեջանագետի` այս ամենը այն միտումն ունի, որ Իլհամ Ալիևն այնքան լավն է, որ Ռուսաստանի նախագահը եկել, սատարում է նրան ընտրություններից առաջ: Պուտինը փորձում է Ադրբեջանին ներքաշել Եվրասիական միոության մեջ, սակայն Բաքուն դժվար ցանկանա հարել Եվրասիական միությանը, քանի որ լուրջ ծրագրեր ունի Արևմուտքի հետ: Բաքուն ինչ-որ կերպ փորձում է դիվերսիֆիկացնել իր զենքի մատակարարումը, քանի որ Ադրբեջանը շատ երկրներից է այն գնում: