Դանիական կուսակցությունը Եվրամիությանը կոչ է արել արգելել ֆուա-գրան
Դանիայի Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը կոչ է արել Եվրախորհրդարանին արգելել ֆուա-գրայի արտադրությունն ու վաճառքը ԵՄ ողջ տարածքում կենդանիների հետ դաժան վերաբերմունքի պատճառով, առանց որի այս նրբախորտիկի պատրաստումն անհնար է, տեղեկացնում է «Եվրոպուլսը»։
Ֆուա-գրան Ֆրանսիայի խոհարարական առանձնահատուկ կերակրատեսակներից է։ Այն պատրաստվում է հատուկ կերակրված սագերի կամ բադերի լյարդից։ Կենդանիներին առատ կերակրում են, ինչի արդյունքում առաջանում է ճարպոտ լյարդ (ճարպային նստվածքների պատճառով թռչնի լյարդը մեծանում է 6-10 անգամ)։
Դանիայում ֆուա-գրայի արտադրությունը, ինչպես եւ ԵՄ շատ երկրներում, արգելված է (անցած տարի հայտնի դարձավ, որ 2023 թվականից Ֆլանդրիայում կփակվի ֆուա-գրայի արտադրությունը)։ Բայց ԵՄ-ում ընդհանուր շուկայի կանոններով Դանիան չի կարող արգելել ֆրանսիական նրբախորտիկի ներմուծումը։
Այժմ դանիական խորհրդարանականները փորձում են աջակցություն ստանալ այլ երկրների ներկայացուցիչներից, որպեսզի պատրաստեն համաեվրոպական օրինագիծ, որը հաշվի կառնի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ արտադրողների շահերը։