Թրամփը հայտնել է ԱՄՆ պաշտպանական բյուջեն կրճատելու մտադրության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը C-Span հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ կփորձի կրճատել երկրի պաշտպանական բյուջեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հիմա շատ ուժեղ զինված ուժեր ունենք, վերջին (ընդունված – խմբ.) բյուջեից հետո շատ ավելի ուժեղ: Հետո, ինչ-որ պահի, ես կկարողանամ բյուջեն կրճատել: Բայց մենք ստիպված էինք մեր զինված ուժերն արդիականացնել»,- հայտարարել է Թրամփը:
Հաղորդավարի հարցին՝ նախատեսվո՞ւմ է արդյոք բյուջեի կրճատում, Թրամփը պատասխանել է «բացարձակապես»:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատն ընդունել էր 2020 ֆինանսական տարում, որը սկսվում է 2019-ի հոկտեմբերի 1-ից, 750 մլրդ դոլար ծավալով պաշտպանական բյուջեի նախագիծը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել էր 2020 թվականի պաշտպանական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է այդ նպատակների համար հատկացնել 733 մլրդ դոլար՝ Թրամփի վարչակազմի խնդրած 750 մլրդ դոլարի փոխարեն:
Այս փաստաթղթի 2 տարբերակի առկայությունը սովորական պրակտիկա է: Այդպիսի դեպքում ստեղծվում է 2 կուսակցությունների ներկայացուցիչներից համաձայնեցման կոմիտե, որպեսզի կոնսենսուս մշակեն, որի օգտին պատրաստ կլինեն քվեարկելու 2 պալատներում: Մոտեցումների տարբերությունը դառնում է նաեւ այլ հարցերում քաղաքական առեւտրի պատճառ:
2019 ֆինանսական տարում երկրի պաշտպանական բյուջեն կազմել է 716 մլրդ դոլար, ինչը 3 տոկոսով (20 մլրդ դոլարով) գերազանցում է 2018 թվականի բյուջեն: