Աշխարհում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների դերի նվազեցման վտանգավոր միտում է նկատվում, ինչը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային անվտանգության ոլորտում նոր ձևաչափի ստեղծմանը. Սաֆրաստյան
Աշխարհում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների դերի նվազեցման վտանգավոր միտում է նկատվում: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ նրա, դա վտանգավոր է և կարող է հանգեցնել միջուկային անվտանգության ոլորտում նոր ձևաչափի ստեղծմանը, մասնավորապես, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև:
«Այդ մասին կարող է վկայել նաեւ Թրամփի հայտարությունը, որն ասել է, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն կարող են միջուկային զենքի ռիսկերի նվազեցման շուրջ համաձայնության գալ: Հատկանշական է, որ այդ բոլոր գործընթացները ընթանում են առանց մյուս տերությունների մասնավորապես Չինաստանի ներգրավման», - նշեց նա:
Փորձագետը նշեց, որ գնահատելով ընդհանուր իրավիճակը, դժվար է ասել, որ մենք ականատես կլինենք հայ-իրանական սահմանի փակմանը: «Արտաքին ուժերի, այդ թվում ՝ Միացյալ Նահանգների, կողմից նման պահանջներ, չեն հնչում: Ինչ վերաբերում է իրանա-ամերիկյան հարաբերություններին, ապա իրավիճակը բավականին սուր է, բայց կողմերը կգտնեն միջոց ՝ ռազմական գործողություններից խուսափելու համար», - կարծում է արևելագետը:
Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիայում ներքաղաքական գործընթացները վկայում են այն մասին, որ քաղաքական կուսակցությունը, որը ղեկավարում է Էրդողանը, սկսում է թուլանալ, ինչը նույնպես կապված է տնտեսական իրավիճակի վատթարացման հետ: «Այս ամենը կարող է հանգեցնել նոր կուսակցությունների ստեղծմանը, որոնք կարող են լուրջ մրցակիցներ դառնալ իշխանությունների համար: Ավելին, նոր կուսակցությունների շատ ներկայացուցիչներ կարող են լինել Էրդողանի նախկին կողմնակիցները», - ավելացրեց նա:
Անդրադառնալով Սիրիայի իրադրությանը՝ Սաֆրաստյանը հայտարարեց, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մեխանիզմներ են ստեղծել, որոնք կարող են հարթել հնարավոր կոնֆլիկտը, ընդ որում՝ այս ամենն ուղեկցվում է սիրիական նոր Սահմանադրության նախապատրաստմամբ: «Դրանից բացի, Սիրիայում ընթանում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ նավթի ներմուծման ընդհատակյա համագործակցություն, որը գտնվում է, այդ թվում, նաեւ քրդերի կողմից վերահսկվող տարածքներում: Նախկինում այս բիզնեսը Թուրքիայի ձեռքերում էր, որը էժան նավթ էր տանում «Իսլամական պետության» ահաբեկիչների վերահսկած տարածքից: Հիմա այս բիզնեսը հիմնականում ամերիկացիների ձեռքերում է: Իսկ Թուրքիան այս շահույթից ստացած փողով շարունակում է զինվել: Սիրիայում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ միակ լուրջ տարաձայնությունը Իդլիբն է եւ անվտանգության գոտու ստեղծումը: Թուրքերը հույս ունեն 30-կիլոմետրանոց գոտի ստեղծել, մինչդեռ ԱՄՆ-ն ցանկանում է այն կրճատել մինչեւ 10 կմ, ինչպես նաեւ բացառել իրավիճակները, երբ այդ գոտին կվերահսկեն միայն թուրքերը»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը: