ԱՄՆ ամենահարուստ ձեռնարկատերերից Կարոլին Ռաֆայելյանը Bank of America-ին մեղադրել է գենդերային խտրականության մեջ
Alex and Ani ոսկերչական իրեր արտադրողը, որի սեփականատերը հայ ներգաղթյալների թոռնուհի, մուլտիմիլիոնատեր Կարոլին Ռաֆայելյանն է, Bank of America-ին 1,1 մլրդ դոլարի հայց է ներկայացրել: Բանկը փորձում է կանանց ստիպել հեռանալ Alex and Ani-ում ղեկավար պաշտոններից եւ հույս ունի վերադարձնել այն ժամանակները, երբ ընկերության ֆինանսական տնօրենը տղամարդ էր, նշված է հայցում, փոխանցում է Forbes-ը:
Alex and Ani ոսկերչական իրեր արտադրողը դատի է տվել իր վարկատուներից մեկին: Ռոդ Այլենդից ոսկերչական ապրանքանիշի ներկայացուցիչների խոսքով՝ Bank of America-ն խախտում է դաշնային օրենսդրությունը՝ ընկերությանը սեռի հիմքով խտրականության ենթարկելով, որտեղ ղեկավար պաշտոնները զբաղեցնում են կանայք: Ընկերությունը հիմնադրել է եւս մեկ կին՝ հայ ներգաղթյալների թոռնուհի, մուլտիմիլիոնատեր Կարոլին Ռաֆայելյանը:
2019 թվականի հուլիսի 25-ին Նյու Յորքի Հարավային շրջանի Դաշնային շրջանային դատարան ներկայացված հայցով Alex and Ani-ի ներկայացուցիչները պահանջում են վնասի փոխհատուցում՝ 1,1 մլրդ դոլար գումարի չափով եւ պնդում են, որ Bank of America-ի «գենդերային նախապաշարմունքները եւ ագահությունը» իրենց ընկերության «գոյությանը սպառնալիք» են ներկայացնում:
Հայցի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերին Bank of America-ն չհիմնավորված հայտարարություն է կատարել այն մասին, որ Alex and Ani ոսկերչական իրեր արտադրողը չի կատարել 170 մլն դոլար վարկի իր պարտավորությունները, որը ընկերությունը վերցրել էր գործարան գնելու համար: Այնուհետեւ Bank of America-ն փակել է ոսկերչական ապրանքանիշի 50 մլն դոլարի վերականգնվող վարկային գծի հասանելիությունը: Alex and Ani-ի ներկայացուցիչների խոսքով՝ ընկերությունն իսկապես մի քանի անգամ ուշացրել է վարկային վճարումը, բայց Bank of America-ն հրաժարվել է պահանջներ ներկայացնել՝ կապված վճարման ուշացման հետ եւ ուղղումներ է կատարել ոսկերչական ապրանքանիշի հետ կնքած համաձայնագրում:
Հայցում նշվում է. «Ահա արդեն 6 ամսից ավելի Bank of America-ն ոչ միայն փորձում է Alex and Ani-ին սնանկության հասցնել, այլեւ լրացուցիչ վճարների տեսքով ընկերությունից տասնյակ միլիոն դոլարներ է բառացիորեն կորզում: Բանկի նպատակն ակնհայտ է. կանայք պետք է լքեն Alex and Ani-ում ղեկավար պաշտոնները: Բանկի ներկայացուցիչները ուզում են վերադարձնել այն հին ու բարի ժամանակները, երբ ֆինանսական տնօրեն տղամարդը նրանց թույլ էր տալիս անհավանական մեծ գումարներ գանձել Bank of America-ի ենթադրյալ ծառայությունների համար»:
Bank of America -ի ներկայացուցիչ Բիլ Հոլդինտը հերքել է գենդերային խտրականության մեղադրանքները: Նրա խոսքով՝ Bank of America-ն հանդես է եկել 7 բանկերի խմբի վարչական գործակալի դերում, որոնք համապատասխան քայլեր են ձեռնարկել Alex and Ani-ի հետ կնքված վարկային պայմանագրի պայմանների ապահովման համար:
Դատական հայցում Alex and Ani-ի ներկայացուցիչները պնդում են, որ վերականգնվող վարկային գծի փակվելուց հետո Bank of America-ն սկսել է ամեն ամիս իրենց ընկերությունից չօգտագործված վարկի միջնորդավճար գանձել, բարձրացրել է բոլոր վարկերի տոկոսադրույքները եւ պահանջել կառուցվածքային փոփոխության հարցով տղամարդ խորհրդատուի վարձել եւ վճարել նրա ծառայությունների համար:
Ոսկերչական ապրանքանիշի համար դա արժեցել է ավելի քան 1.1 մլրդ դոլար: Alex and Ani-ն հայտարարել է, որ այդ գումարի մեջ են մտնում միջնորդավճարների վճարումները, կառուցվածքային փոփոխության հարցով խորհրդատուի վարձատրությունը, վաճառքից չստացված եկամուտները եւ այն վնասները, որոնք ընկերությունը կրել է իր շուկայական գնի նվազեցման ընթացքում:
Հայցում նաեւ ներկայացվել է ոսկերչական ապրանքանիշի ֆինանսական խնդիրների հնարավոր պատճառների մասին եւս մեկ տեսություն, որը հնչում է որպես իսկական դավադրության տեսություն: Alex and Ani-ի ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ֆինանսական դժվարությունների համար մեղավոր է նաեւ Ուորեն Բաֆետը, որին պատկանում է Berkshire Hathaway-ը՝ Bank of America-ի խոշորագույն բաժնետերը: Նրանց խոսքով՝ Բաֆետն իբրեւ թե դարձել է չինական ոսկերչական ընկերության ներդրողը, որը զբաղվում է Alex and Ani-ի զարդերի կեղծված տարբերակների արտադրությամբ: Հոդվածի հրապարակման պահին Բաֆետը չէր մեկնաբանել ստեղծված իրավիճակը: