Բոլթոնը հաստատել է, որ ԱՄՆ-ը ՓՄՀՀՊ-ից դուրս է գալիս օգոստոսի 2-ին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չորեքշաբթի հաստատել է, որ երկիրը դուրս է գալիս փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից օգոստոսի 2-ին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
ՓՄՀՀՊ-ն կնքվել է 1987 թվականին ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ, որի իրավահաջորդն է Ռուսաստանը։ Պայմանագրից դուրս գալու մտադրության մասին ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է կես տարի առաջ։
«Այս ուրբաթ կնշանավորվի պայմանագրի (գործողության) պաշտոնական դադարեցմամբ, քանի որ ԱՄՆ-ը դուրս կգա (դրանից)»,- ասել է Բոլթոնը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում։
Նա կրկնել է մեղադրանքները Ռուսաստանի հասցեին, թե նա խախտել է պայմանագիրը, ինչն էլ ԱՄՆ-ի դուրս գալու պատճառն է դարձել։ «Ռուսաստանը շարունակել է մշակել առաքման առաջավոր բալիստիկ եւ հիպերձայնային համակարգեր, որպեսզի արդիականացնի իր զինանոցը՝ խախտելով պայմանագիրը»,- ասել է Բոլթոնը։
Նա նշել է, որ մեկ այլ խնդիր էր այն, որ Չինաստանը չի եղել համաձայնագրի մասնակից եւ ստեղծել է հրթիռներ, որոնք ԱՄՆ-ը չի կարողացել ստեղծել պայմանագրի պատճառով։
Տարեսկզբին Վաշինգտոնը հայտարարեց, որ միակողմանի կարգով դուրս է գալիս պայմանագրից՝ Ռուսաստանին մեղադրելով այն խախտելու մեջ։ Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները։ Հուլիսի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց օրենք պայմանագրի դադարեցման մասին։ Նա ասել է, որ Ռուսաստանը չի ներքաշվի ծախսատար սպառազինությունների մրցավազքի մեջ։ Նա նաեւ ասել է, որ զինաթափման ռուսական բոլոր առաջարկները «մնում են սեղանին», բայց պահանջել է այսուհետ չնախաձեռնել որեւէ բանակցություն այդ խնդրի վերաբերյալ։