Դեռահաս աղջիկների սպանություններ Ռումինիայում. ՆԳՆ ղեկավարը հրաժարական է տվել՝ պաշտոնը զբաղեցնելուց մեկ շաբաթ անց
Ռումինիայի ներքին գործերի նախարար Նիկոլաե Մոգան հրաժարական է տվել պաշտոնում նշանակվելուց վեց օր անց՝ դեռահաս աղջիկների սպանությունների աղմկոտ գործի ֆոնին, հաղորդում է Hotnews-ը:
«Վարչապետ Վիորիկա Դենչիլեի հետ այսօր առավոտյան ունեցած զրույցից հետո ես որոշեցի հրաժարական տալ: Ես նման որոշում կայացրի գերատեսչության հեղինակությունը պահպանելու համար՝ որոշ աշխատակիցների վատ աշխատանքից հետո, որոնք կամ հեռացվել են կամ պատժվել»,- ասել է Մոգան:
Նրա խոսքերով, վեց օրվա ընթացքում, երբ նա ղեկավարում էր նախարարությունը, հնարավոր ամեն ինչ արվել է աղջիկների սպանության մեղավորներին պարզելու և հայտնաբերելու համար:
«Ես հավատում եմ նախարարության ազնիվ և արհեստավարժ աշխատակիցներին, որոնք կավարտեն աշխատանքը, որը մենք սկսել ենք միասին: Մենք պետք է ապահովենք, որ նման իրադարձություններ ապագայում այլևս չկրկնվեն»,- ասել է Նիկոլաե Մոգան:
Ավելի վաղ, աղջկա աղմուկ հանած սպանության պատճառով, որը երեք անգամ զանգահարել էր փրկարարական ծառայությանը, աշխատանքից հեռացվել է ոստիկանության պետը: Աղջիկը հեռախոսով պնդել է, որ իրեն ծեծի է ենթարկել և բռնաբարել տղամարդը, որը նրան վերցրել էր ճանապարհից:
Ավելի ուշ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ մարդասպանը ձերբակալվել է: Բետոնե կոնստրուկցիաների, մետաղյա տակառների և ջրափոսերի խուզարկության ընթացքում իրավապահներն առնվազն չորս մարդկային դիակներ են հայտնաբերել: Ալեքսանդրան (15 տարեկան) և Միքաելան (19 տարեկան) Գեորգե Դինկե անունով 57-ամյա ավտոմեխանիկի վերջին զոհերն էին: