Ֆրանսիայում հրդեհները չեն դադարում
Ֆրանսիայի հարավում բռնկված նոր հրդեհը մարում են մոտ 200 փրկարարներ, հայտնում է BFMTV-ն:
Հրդեհը շարունակվում է ֆրանսիական մեկ այլ դեպարտամենտում՝ Գարում: Դեպարտամենտի պրեֆեկտուրայի տեղեկություններով՝ այրվել է գրեթե 480 հեկտար թփուտ եւ գյուղատնտեսական մշակաբույսեր, տարհանվել է 190 մարդ:
Երեքշաբթի երեկոյան Էրո դեպարտամենտի Մենբազեն կոմունայում ևս հրդեհ է սկսվել: Կրակն ընդգրկել է մոտ 30 հեկտար, վնասվել է 4 շենք:
«Անձնակազմի աշխատանքը դժվարանում է՝ հաշվի առնելով, որ գիշեր է, ինչը դանդաղեցնում է վերգետնյա միջոցների տեղաշարժումը եւ թույլ չի տալիս օգտագործել ավիամիջոցներ, նաեւ առկա է ուժգին քամի, բայց մոտ 200 հրշեջներ են ներգրավված՝ կրակի տարածումը կասեցնելու համար»,- հայտարարել են Էրոյի հրշեջները:
Անցյալ շաբաթ Ֆրանսիայի քաղաքներում ջերմաչափերի սնդիկի սյունը բարձրացել է մինչև ոչ սովորական ցուցանիշներ. հինգշաբթի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել ավելի քան 50 քաղաքում: Անոմալ շոգին հետևել է սաստիկ երաշտը, և անտառային հրդեհների հավանականությունը մեծացել է: