Թրամփը պատմել է՝ իր տուրքերի «շնորհիվ» քանի միլիոն աշխատատեղ է կորցրել Չինաստանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում պատմել է Չինաստանի կորուստների մասին իր կողմից սահմանված տուրքերի «շնորհիվ»:
«Չինաստանը կորցրել է 5 մլն աշխատատեղ եւ 2 մլն-ը միայն արտադրության մեջ Թրամփի մաքսատուրքերի շնորհիվ: Թրամփն անակնկալի է բերել Չինաստանին, իսկ Միացյալ Նահանգների մոտ ամեն ինչ հիանալի է»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ երեքշաբթի, մեկնարկել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ բանակցությունների երկրորդ փուլը:
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ առեւտրային բանակցություններն ունեն բարեհաջող ընթացք:
«Չինաստանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում»,-լրագրողներին ասել է նա:
ԱՄՆ-ը բարձրացրել էր Չինաստանից ներմուծված ապրանքների մաքսատուրքերը շուրջ 200 միլիարդ դոլարի չափով: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նաեւ հանձնարարել է սկսել Չինաստանից ներկրվող մնացած բոլոր ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու գործընթացը, որը գնահատվում է շուրջ 300 միլիարդ դոլարի չափով: Այդ որոշմանն ի պատասխան՝ Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ հունիսի 1-ից Պեկինը սահմանել էր բարձրացված տուրք ԱՄՆ-ից ապրանքներ ներկրելու դեպքում 60 միլիարդ դոլարի չափով:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Օսակայում գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել էր ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ եւ հայտարարել, որ ԱՄՆ-ը պատրաստ է կնքել երկուստեք առեւտրային համաձայնագիր: Բացի այդ, ինչպես հաղորդել է Սինհուա գործակալությունը, հանդիպման արդյունքում ամերիկյան կողմը պատրաստակամություն էր հայտնել չսահմանել նոր մաքսատուրքեր չինական ապրանքների համար: