«Կենտրոնի թաղապետը Հյուսիսային պողոտայի մեծ օձերին թող հանի»․ բնապահպան
Երևանյան փողոցներում օձը դնում են երեխայի վզին, որ նկարեն, առանց պատկերացնելու, որ եթե այդ օձը սեղմեց, չեն կարող փրկել այդ երեխային։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՊԾ-ի նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը։
«Երևանի քաղաքապետարանը փոխանակ զբաղվի փողոցում կենդանիներ վաճառելու անվտանգությամբ, օրինակ մեծ օձը դնում են երեխայի վզին, որ նկարեն, առանց պատկերացնելու, որ եթե այդ օձը սեղմեց կծիկը չեն կարող փրկել այդ երեխային, ու նման դեպքեր շատ են եղել։ Իսկ մեր կենտրոնի թաղապետը գնում, ասում է՝ Ստամբուլյան կոնվենցիայի սեղանները հավաքեք, փոխանակ Հյուսիսային պողոտայի մեծ օձերին հանի։ Ստացվում է, որ Հայաստանում ով ինչ ուզի, երբ ուզի, անում է, սա պետություն է, սա բոստան չէ»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այդ խնդիրը գալիս է լիազոր մարմնի թուլությունից․ «Երբ լիազոր մարմինն իր տեղում չէ, ունենք Կենդանիների առողջության և բարեկեցության պատասխանատու Հայաստանում, չեմ հասկանում իրենք միայն շրջելու համա՞ր են, բացարձակ չեն արձագանքում, պարտավոր են պաշտոնական դիրքորոշում հայտնել դրա մասին»։