Այսօր՝ հուլիսի 29-ին տաղանդաշատ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ. հուլիսի 29-ին Թեոդոսիայում, Մոլդովայից գաղթած հայ մանր առևտրական Գևորգ Այվազի (Հայվազ, ապա՝ Կոստանդին Հայվազովսկի) ընտանիքում: Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830–33 թթ-ին՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833–37 թթ-ին՝ Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Ուսումնառության տարիներին «Անդորր» կտավի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի Ոսկե մեդալի և գործուղվել Ղրիմ, որտեղ ստեղծած նկարներն աչքի են ընկնում ինքնատիպությամբ, տեսարանի հավաստի պատկերմամբ: 1840 թ-ին ակադեմիան նրան գործուղել է արտասահման` կատարելագործվելու. եղել է Իտալիայում (նաև Սբ Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հոլանդիայում, մասնակցել է ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման:
1844 թ-ին Այվազովսկին վերադարձել է Ռուսաստան, նշանակվել Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: 1845 թ-ից մշտապես բնակվել է Թեոդոսիայում, ստեղծել է 1853–56 թթ-ի Ղրիմի պատերազմին նվիրված մարտանկարներ («Ծովամարտ», 1855 թ., «Սևաստոպոլի պաշտպանությունը», 1859 թ.), պաշարված Սևաստոպոլում բացել է ցուցահանդես, ոգևորել և օգնել քաղաքի պաշտպաններին: