Կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը ՀԳՀԾ-ի նկատմամբ. Աբաս Արաքչի
Թեհրանը կշարունակի կրճատել իր պարտավորությունները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շրջանակներում մինչեւ երկրի պահանջները չբավարարվեն, հաղորդում է ԻՌՆԱ-ն։
«Ցանկանում եմ շեշտել, որ մենք կշարունակենք կրճատել մեր պարտավորությունները, քանի դեռ Իրանի պահանջները չեն բավարարվել»,-լրագրողներին ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին Վիենայում ՀԳՀԾ-ի հարցով համատեղ հանձնաժողովի նիստից հետո։
«Ես չեմ կարող ասել, որ մենք կարգավորել ենք բոլոր հարցերը, սակայն կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը ՀԳՀԾ-ի նկատմամբ»,-ասել է Արաքչի լրագրողներին։
Իրանի ԱԳ փոխնախարարը նաեւ հայտնել է, որ հնգյակի եւ Իրանի նախարարական հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկայում։ «Մենք քննարկել ենք նախարարական հանդիպում գումարելու հնարավորությունը, որը կարող է տեղի ունենալ առաջիկայում եւ պսակվել հաջողությամբ։ Հստակ օրը դեռ հայտնի չէ, սակայն մենք որոշել ենք, որ այդ հանդիպումը պետք է կայանա եւ կլինի հաջողված։ Այդ նպատակով մենք պետք է լավ պատրաստվենք»,-ընդգծել է Արաքչին։
Իրանյան միջուկային գործարքի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) հանձնաժողովի նիստը քաղտնօրենների մակարդակում կայացել է հուլիսի 28-ին Վիենայի Քոբուրգ պալատում։