Թրամփը ցանկանում է ճանաչել Antifa շարժումը որպես ահաբեկչական կազմակերպություն
Antifa շարժումը, որը միավորում է ձախակողմյա արմատական կուսակցություններն ու կազմակերպությունները, կարող է ճանաչվել ԱՄՆ-ում որպես ահաբեկչական կազմակերպություն: Շաբաթ՝ հուլիսի 27-ին, իր թվիթերյան էջում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտածում է այդ քայլի ուղղությամբ, հաղորդում է DW-ն:
«Մտորում եմ ANTIFA-ին՝ այդ վախկոտ, արմատական ձախ հոգեկան հիվանդներին, որոնք միայն ծեծկռտուքներ են կազմակերպում (չնայած միեւնույն ժամանակ դեմ են բռնությանը) եւ ծեծում մարդկանց բեյսբոլի բիտաներով, որպես գլխավոր ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցի շուրջ (ինչպես MS-13-ը եւ մնացածը): Դա էապես կհեշտացներ ոստիկանության աշխատանքը»,-Սպիտակ տան ղեկավարը գրել է թվիթերյան իր էջում:
Թրամփը բազմիցս քննադատել է Antifa-ին: Ավելի վաղ իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում նա անվանել է այդ շարժման ակտիվիստներին «տխմար, հիվանդ մարդիկ»:
Մի քանի օր առաջ հանրապետականներ Թեդ Քրուզն ու Բիլ Քեսիդին բանաձեւ են ներկայացրել ԱՄՆ-ի Սենատին այն մասին, որ խմբավորումները, որոնք կարելի է դասել Antifа շարժման շարքին, ստանան երկրի ներսում գործող ահաբեկչական կազմակերպության անդամների կարգավիճակ: Ընդ որում՝ Քեսիդին անվանել է շարժման անդամներին «դիմակներ կրող բռնակալներ»:
Ռասիզմի եւ հակասեմականության դեմ ներկայացող Anti-Defamation League կազմակերպության տվյալներով՝ ԱՄՆ-ում Antifa-ն կազմված է առանձին խմբերից, ցանցերից եւ անհատներից, եւ հայտնի չէ դրա կողմնակիցների հստակ թիվը: MS-13 շարժումը կամ Mara Salvatrucha-ն ամենաագրեսիվ երիտասարդական խմբավորումներից մեկն է Կենտրոնական եւ Հյուսիսային Ամերիկայում: