Օմանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է Իրան՝ լուծելու բրիտանական լցանավի հետ կապված խնդիրը. ԶԼՄ-ներ
Օմանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ բեն Ալաուի բեն Աբդալլան մեկնել է Թեհրան, որտեղ բանակցություններ կվարի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Manar-ին:
Հեռուստակայանի տեղեկություններով՝ օմանցի նախարարի այցն ընթանում է Պարսից ծոցի իրավիճակի հարցով Մասկատի եւ Թեհրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների միջեւ մշտական խորհրդակցությունների շրջանակում: Ըստ տեղեկությունների՝ կողմերը կքննարկեն Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի ձերբակալության շուրջ խնդիրների կարգավորման տարբերակները:
Հուլիսի 21-ին Օմանի ԱԳՆ-ն Իրանի իշխանություններին կոչ էր արել ազատ արձակել բրիտանական նավատորմի Stena Impero լցանավը, ինչպես նաեւ կողմերին խորհուրդ տվել զսպվածություն ցուցաբերել եւ տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով: Օմանի սուլթանությունը նախկինում բազմիցս իր վրա է վերցրել Իրանի եւ Արեւմուտքի, Իրանի եւ արաբական հարեւան երկրների միջեւ միջնորդական առաքելության պատասխանատվությունը: