ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բանակցում են «բավական էական» առեւտրային գործարք» կնքելու շուրջ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ներկայում Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ են վարվում «բավական էական» առևտրային գործարք կնքելու շուրջ, տեղեկացնում է BBC News-ը։
Երկկողմ գործարքը, որը նախատեսվում է կնքել Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ-ից նրա դուրս գալուց հետո, կարող է հանգեցնել «3, 4, 5 անգամ» առևտրաշրջանառության ավելացմանը, ասել է ԱՄՆ նախագահը։
Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփն ասել է, որ նոր վարչապետը «հիանալի» է լինելու։
Մեծ Բրիտանիայի վարչապետը և ԱՄՆ նախագահն ասել են, որ պաշտոնական բանակցությունները կսկսեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո «որքան հնարավոր է շուտ»։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ անցյալում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրին «խանգարել» է Բրիտանիայի անդամակցությունը ԵՄ-ին։
Քանի դեռ Մեծ Բրիտանիան գտնվում է ԵՄ կազմում, իրավունք չունի ինքնուրույն առևտրային գործարքներ կնքել։ ԵՄ-ից երկրի դուրս գալը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 31-ին։
Նրա խոսքով՝ բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիան կարող է ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների զգալի աշխուժացում ակնկալել։