Թրամփը սպառնացել է Ֆրանսիային գինու տուգանային տուրքերով «Մակրոնի հիմարության պատճառով»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ներկրվող գինու համար տուգանային տուրքեր մտցնել, տեղեկացրել է DW-ն։
Այս մտադրությունը, ինչպես Թրամփը տեղեկացրել է ուրբաթ՝ հուլիսի 26-ին, Թվիթերի իր միկրոբլոգում, կապված է նոր ֆրանսիական «թվային հարկի» հետ, որը կանդրադառնա ամերիկյան կորպորացիաների վրա։
«Առաջիկայում մենք կհայտարարենք Մակրոնի հիմարությանը զգալի պատասխան գործողությունների մասին։ Ես միշտ ասել եմ, որ ամերիկյան գինին ֆրանսիականից լավն է»,- ասել է Թրամփը։ Պատասխան միջոցները կարող են վերաբերել ոչ միայն գինուն, ավելացրել է նա։
Ֆրանսիան հուլիսին հայտարարել էր, որ տեխնոլոգիական հսկաների տեղական հասույթից 3 տոկոսի չափով տուրք կմտցնի, այն կանդրադառնա այնպիսի ընկերությունների վրա, ինչպիսին են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը եւ Google-ը։ Տուրքը կվերաբերի ոչ միայն ամերիկյան, այլեւ ասիական ու եվրոպական ընկերություններին։
Հունիսին Դոնալդ Թրամփը արդեն սպառնացել էր ֆրանսիական գինու համար տուրքերով։ Այն ժամանակ նա դժգոհել էր, որ ԱՄՆ գինիները Ֆրանսիայում ավելի բարձր տոկոսադրույքով են հարկվում, քան ֆրանսիականները ԱՄՆ-ում։